News.am-ը գրում է․ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ՝ Վարդենիսի ուղղությամբ հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող 23-ամյա Բորիս Կարախանյանը: NEWS.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանն ասաց, որ Բորիսի ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո էր տեղափոխվել Հրազդան Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից:
Բորիսն ու եղբայրը Հայաստանի զինված ուժերում անցել էին պայմանագրային ծառայության, քույրն Արցախում է ամուսնացած, իսկ նրանց հայրը զոհվել էր 2016 թվականին արցախյան պատերազմի ժամանակ:
Բորիսը Արցախում ծառայել է Քարվաճառի զորամասերից մեկում, իսկ Քարվաճառը հանձնելուց հետո տեղափոխվել էր Վարդենիսի զորամաս:
Բորիս Կարախանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր Հրազդանի Կոճոռի զինվորական պանթեոնում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։
Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը