07 09 2022

Դասախոսները սատարո՞ւմ են ադրբեջանամետ «Ազատություն» ռադիոկայանին․ Yerkir.am

Դասախոսները սատարո՞ւմ են ադրբեջանամետ «Ազատություն» ռադիոկայանին․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ին Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում շարունակվելու է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի գործով դատական քննությունը:

Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 2022 թ. մայիսի 12-ին` դեռևս 2020 թ. նոյեմբերի 9-ի դեպքերի առիթով, ընդ որում՝ կալանավորվեց 4-րդ փորձից։ Մինչ այդ նույն փաստական տվյալներով առկա մեղադրանքով և նույն հիմքերի առկայության պայմաններում դատարանները 3 անգամ մերժել էին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունները։

Սիզիփոսյան աշխատանք կլինի հերթական անգամ անդրադառնալ Արևմուտքից սնվող և իրավապաշտպան կոչվող ՀԿ-ներին և իրավապաշտպաններին, ովքեր այս կամ այն անձի նկատմամբ կիրառվող ապօրինություններին անդրադառնում են միայն պատվերով ու հրահանգով՝ առաջնորդվելով երկակի ստանդարտներով։

Կցանկանայինք այստեղ անդրադառնալ դասախոսական անձնակազմի (հատկապես Գերասիմ Վարդանյանի) 《լռության սիմֆոնիային》 , որով վերջիններս 《հանդես են գալիս》իրենց նախկին ուսանողի նկատմամբ քաղաքական հետապնդումների այս փուլում։

Դասախոսները, ովքեր ցանկացած առողջ հասարակությունում համարվում են պետության և հասարակության մտավոր կարևորագույն ներուժը, որոնց կարծիքը ամենահիմնավորներից և անբեկանելիներից է, լուռ են ուսանողական ակտիվ գործունեություն ծավալած, բանակում ծառայած, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին մասնակցած իրենց ուսանողի նկատմամբ կիրառվող ապօրինությունների հանդեպ։

Այդ դասախոսները լուռ են նաև իրենց մեկ այլ ուսանողի` Գերասիմ Վարդանյանի համակուրսեցի Արտակ Համբարձումյանի քայլերի հանդեպ, այն համակուրսեցու, ով աշխատում է ամերիկյան ֆինանսավորմամբ գործող Ազատություն լրատվակայանում և ակնհայտ ուռճացված, չափազանցված ցուցմունքներ է տվել Գերասիմ Վարդանյանի դեմ։ Եվ այդ ամենը նա արել է այն բանի համար, որ վերջինս, առանց որևէ ապօրինությունների կամ ինչ որ մեկին մատով դիպչելու, 2020 թ. նոյեմբերի 9-ի չարաբաստիկ գիշերն իր դժդոհությունն էր հայտնել Արցախի մեծ մասը հանձնող, ՀՀ-ն և Արցախը կապիտուլացիայի ենթարկող փաստաթղթի, դա ստորագրող իշխանության և այդ իշխանության առանցքային հենարան հանդիսացող Ազատություն ռադիոկայանի գործողությունների դեմ։ Հենց այդ ազնիվ դիրքորոշումն արտահայտելու համար էլ կալանավորվել է Գերասիմ Վարդանյանը։

Արդյո՞ք դասախոսները որևէ բան չունեն ասելու ի պաշտպանություն իրենց հայրենանվեր ուսանողի՝ Գերասիմ Վարդանյանի, միևնույն ժամանակ ինչու՞ չեն դստապարտում Գերասիմի դեմ ցուցմունք տված իրենց մեկ այլ ուսանողի վարքագիծը։ Դասախոսներն իրենց լռությամբ սատարո՞ւմ են Արցախը պարբերաբար Ադրբեջան համարող, ադրբեջանցիներին հայերի բարեկամ որակող «Ազատություն» ռադիոկայանին։ Արդյո՞ք դասախոսները ոչինչ չունեն ասելու իրենց խղճի առջև և շարունակելու են «ջայլամային գործելաոճը»։

Բացի այդ, զարմանք է առաջացնում լրագրողական համայնքի որոշակի հատվածի քար լռությունը, որոնք կարծես թե լրագրողական համերաշխություն են ցույց տալիս «Ազատությանը»` այն դեպքում, երբ տեղի է ունենում ակնհայտ ապօրինություն և քաղաքացու իրավունքների ոտնահարում։

Կախված այն բանից, թե ինչպես են իրենց դրսևորում իրավաբանական, դասախոսական, լրագրողական համայնքի ներկայացուցիչները, պետք է փաստել, որ բանտում գտնող Գերասիմ Վարդանյանն ավելի ազատ է, քան այդ համայնքի ներկայացուցիչներից շատերը, ովքեր իրենց «բանտարկել են» արևմտյան գրանտներով կամ երեսպաշտությամբ` ճակատագրական այս փուլում ամոթալի կերպով փակելով սեփական բերաններն ու աչքերը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ