Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ու վիրավորում ստացած անձանց ու նրանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու որոշման նախագիծը։
Դրա համաձայն, նախատեսվում է պայթյունի հետևանքով զոհված անձանց, ինչպես նաև` անհայտ կորած անձի ընտանիքներին վճարել յուրաքանչյուր զոհվածի համար 3 000 000 դրամ միանվագ աջակցություն։
Պայթյունի հետևանքով վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած քաղաքացիները կստանան մինչև 300 000 դրամ աջակցություն, բայց միայն այն դեպքում, եթե հիվանդանոցային բուժում են ստացել։ Ընդ որում, մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց կտրամադրվի 150 000 դրամ, իսկ երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց` 300 000 դրամ։
Պետական աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն։
Սոցիալական աջակցությունը կտրամադրվի անկանխիկ եղանակով` շահառուի ներկայացրած բանկային հաշվեհամարին։
Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը երեկ` օգոստոսի 29-ին է դրվել հանրային քննարկման՝ եe-draft.am կայքում։ Նախատեսվում է, որ այն կառավարության կողմից կընդունվի հանրային քննարկման ժամկետի ավարտից` սեպտեմբերի 14-ից հետո։
Իսկ գումարների վճարման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 1-ից հետո, երբ բոլոր շահառուները դիմած կլինեն պետական աջակցությունից օգտվելու համար։
Սոցապ նախարարությունը նաև նախնական հաշվարկներ է ներկայացրել, որոնց համաձայն, ծրագրի շահառու են հանդիսանում 24 վիրավորում ստացած անձինք, որոնցից 17-ը` 150.000 դրամ, 7-ը` 300.000 դրամ։ 16 զոհված ու 1 անհայտ կորած անձանց ընտանիքներին կտրվի ընդհանուր 51.000.000 դրամ` յուրաքանչյուրի համար 3.000.000 դրամ։ Այս հաշվարկով սոցիալական աջակցության ընդհանուր արժեքը կկազմի 55.650.000 դրամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը