26 08 2022

«Հային՝ փող, թուրքին՝ հող» թուրքական ասացվածքը գործողության մեջ

«Հային՝ փող, թուրքին՝ հող» թուրքական ասացվածքը գործողության մեջ

-Տեղից էին զանգել: Մեքենան եմ ուղարկել Ստեփանակերտ: Ասացին հեն է՝ Տեղի մոտ հավաքվել են, ոչ մեկին չեն թողնում Ղարաբաղ շարժվի: Չեն էլ ասում, թե՝ ե՞րբ կլինի շարժվել: Երևի սպասում են, որ ռուսները գան, ուղեկցեն...,- բակային հարևանս էր՝ Ալյոշան, արմատներով՝ Արցախից, անցած բոլոր պատերազմներում հարազատներ կորցրած:

Չնայած օգոստոսյան պարզ ու արևոտ եղանակին, Ալյոշայի դեմքը մթին էր, ինչպես Արագածի գագաթներից հավաքվող կարկտաբեր ամպը:

Մասնագիտական մոտեցումը պահանջում էր զանգել, գնալ ու տեղում տեսնել, լուսանկարել, տեսագրել, ձայնագրել, մի քանի այլ՝ պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից տվյալներ ճշտել, համադրել այդ ամենը և հետո միայն ձևակերպել ու հրամցնել: Այդպիսին են լրագրության նվազագույն մասնագիտական պահանջները: Բայց, քանի որ անփոփոխ պատվիրատուի, այն է՝ հասարակության համար այդ ամենը՝ Բերձորն ու Արցախը, Սյունիքն ու Վայքը, տո՛ Գեղարքունիքն ու Կոտա՛յքն էլ՝ վերադիր, բացարձակապես անհետաքրքիր են, ի՞նչ իմաստ ունի չարչարել ինքզինքը: Եվ հետո, ո՞ւր է այդ պատվիրատուն, նույն ինքը՝ հասարակությունը, որին անգամ իր ոչնչացումը չի անհանգստացնում:

Ընդհանուր նեխած բարոյահոգեբանական մթնոլորտն այնպիսին է, որ եթե վաղը լուր տարածվի, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա սիրելի գործընկեր Ալիևը համաձայնության են եկել, որ նիկոլական ամենահայտնի օլիգարխի միկրոհայրենիք «Սիլաչի» թաղամասն էլ են հանձնում ադրբեջանական թուրքերին, ապա նախ՝ բոլորը նույնպիսի միևնույնությամբ կվերաբերվեն դրան, ինչպես վերաբերվեցին Հադրութը, Շուշին, Քարվաճառը, Արցախի մեծ մասը, Շուռնուխը, Սև լիճը թշնամուն հանձնելուն:Իսկ բացի այդ՝ «Սիլաչի» թաղամասում, հնարավոր է, նույն ակնարկյալ օլիգարխի հովանավորությամբ, մեծ տոնախմբություն կլինի, հրավառություն, իրենց սիրելի ադրբեջանական թուրքերին աղուհացով դիմավորում, «և այլն» էլ՝ հետը:

-Էդ ճի՞շտ ա, որ Բերձորը Աննա Հակոբյանի ու Նիկոլի նվերն ա Ալիևի կնգան,-սա էլ մեկ այլ հարևան հարցրեց:

Այս դեպքում անգամ մասնագիտական մոտեցումներով ճշտելու կամ պարզելու բան չկա:

Ի՞նչը ճշտես. այն, որ Մեհրիբան Ալիևա-Փաշաևայի ծննդյան օ՞րն է, թե՞ այն, որ ՀՀ վարչապետ կոչեցյալը հենց այդ օրն էր սահմանել Բերձորի, Աղավնոյի, Սուսի հայաթափման վերջնաժամկետ: Ճշտես՝ նվե՞ր է, թե՞ ոչ: Սակայն ի՞նչ տարբերություն, եթե փաստը՝ Բերձորի հայաթափումն ու հանձնումը առկա իրողություն է:

Դիտում էի Աղավնոյի, Բերձորի հայաթափմաննախօրեին արված տարբեր կադրեր, հարցազույցներ, ռեպորտաժներ... Հայ համարվող պաշտոնավորների կիրառած հոգեբանական տեռորով, դրամանյութական գայթակղումներով, ահ տալով ու մահ տալով հայաթափվում են... 70- ամյա թուրքական գերությունից 1992-ին ազատագրված Հայրենիքի այդ հատվածի՝ 30 տարի վերահայացած բնակավայրերը, շեները: Հայ համարվող, բայց թուրքական ծրագիր իրականացնողների ձեռքով: Թե բա՝ փոխհատուցում կտրվի, թե բա՝ տները մի՛ վառեք, թե բա...
Այսինքն, Հայրենիքը մի բան է, որը կարելի է այսպես վերցնել ու տալ թշնամուն, խոստանալով, որ ասենք, նիկոլական այն պաշտոնյայի նման ԱՄՆ-ում մի 600 հազար դոլարանոց առանձնատուն կտան: Ու այդտեղ միտդ է գալիս թուրքական դաժան ասացվածքը. «Հային՝ փող, թուրքին՝ հող»:

Հետաքրքիր է միայն, թե Երևանը թուրքին հանձնելիս, օրինակ, ի՞նչ փոխհատուցումներ է խոստանալու Նիկոլ Փաշինյանը, թե՞ այդ ժամանակ արդեն շարքերով կանգնեցնելու են բնակիչներին, մի երկու չախմախավոր ասկյարի ուղեկցությամբ քշեն «Կորեայի ձոր» ու այնտեղ մորթեն, առանց որևէ փոխհատուցման: Ի դեպ, այդ օրն այնքան էլ հեռու չէ, ինչպես կարող է թվալ «Բանգլադեշի» շուկայում ծվարած կամ Մասիվի «մոլում» մոլորված որևէ մեկին:

 Արմեն Հակոբյան

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ