Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից, ՀՀ պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների համաձայն՝ դիմորդը հայտագրումն իրականացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչեւ սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն:
Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում եւ անցկացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը: Քննություններն անցկացվում են գրավոր՝ թեստերի միջոցով: ՀՀ ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը հանձնում են միեւնույն օրը: Քննությունների օրերը, ըստ առարկաների, հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:
Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) եւ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչեւ երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միեւնույն քննությունները։
Միասնական քննություններն անցկացվում են հոկտեմբերի 20-27-ը: Ներբուհական քննությունների անցկացման համար բուհերի կողմից կարող են սահմանվել այլ ժամկետներ: Քննություններն անցկացվում են քննական կենտրոններում, որոնց ցանկը մինչեւ տվյալ տարվա հոկտեմբերի 5-ը հաստատում է ԳԹԿ-ը տնօրենը:
Բուհ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչեւ հոկտեմբերի 30-ը:
Ներբուհական քննությունների անցկացման համար ԳԹԿ-ի տնօրենի հրամանով մինչեւ տվյալ տարվա սեպտեմբերի 27-ը ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ:
Բուհերի ընդունելության մրցույթը, բացառությամբ ներբուհական քննություններ հանձնած դիմորդների մրցույթի, անցկացնում է ԳԹԿ-ն՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի), հատկացված տեղերի եւ միավորների: Մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության (կրթական ծրագրի) գերակայությամբ:
Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական եւ տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաեւ միասնական եւ ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը:
Առաջին հայտագրված մասնագիտության (կրթական ծրագրի) մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, դիմորդի միավորներով, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի եւ մասնագիտությունների։
Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7726 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։ Համաձայն հրամանի՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը