24 08 2022

«Մարդը քաղաքական կենդանի է, բայց ...»․ 7or.am

«Մարդը քաղաքական կենդանի է, բայց ...»․  7or.am

7or.am-ը գրում է․

Երբ Արիստոտելն ասում էր, որ մարդը քաղաքական կենդանի է, «կենդանու» տակ նա հաստատ նկատի չուներ կապիկին: Հույն փիլիսոփան ուզում էր ասել, որ բնության մեջ եղած բոլոր կենդանիներից մարդը տարբերվում է նրանով, որ քաղաքականությամբ է զբաղվում:

Դարվինն այն կարծիքին էր, որ մարդն առաջացել է կապիկից:

Թե ով էր նրանցից ճիշտը, վեճի առարկա չէ, քանզի ամեն մի կոնկրետ դեպքում է հնարավոր ասել, թե արդյոք տվյալ մարդը քաղաքակա՞ն կենդանի է, թե՞ պարզապես կենդանի, որի նախնիները կապիկից են առաջացել:

Երբ մարդը քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականությունն է սկսում զբաղվել նրանով: Բայց երբ մարդը քաղաքականությունը վերածում է կապիկության, նրանով արդեն պետք է զբաղվի ոչ թե քաղաքականությունը, այլ՝ հոգեբույժը:

Այո՛, մարդը քաղաքական կենդանի է, բայց ամեն մի կենդանի չպետք է քաղաքականությամբ զբաղվի որպես սուբյեկտ:

Դատելով ամենից՝ քաղաքականությամբ զբաղվողներից նախևառաջ պետք է հոգեկան առողջության՝ «պսիխոյի» թուղթ պահանջել: Ինչո՞ւ, օրինակ, վարորդից համապատասխան թղթեր պահանջում են, իսկ քաղաքական գործչից՝ ոչ: Չէ՞ որ կապիկ կամ հոգեկան հիվանդ վարորդը կարող է առավելագույնը մի քանի տասնյակ մարդու վնասել իր սխալի պատճառով, բայց կապիկ և/կամ հիվանդ քաղաքական գործիչը կարող է վնասել և/կամ մահվան տանել հազարավորների, միլիոնավորների:

Մի խոսքով, մարդը քաղաքական կենդանի է, բայց ամեն մի կենդանի քաղաքական գործիչ չպետք է լինի, առավելևս՝ կապիկ քաղաքական գործիչ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ