20 08 2022

Ադրբեջանի հետ բանակցում են ընդամենը Սուսի, Աղավնոյի, Բերձորի բնակիչները․ Տեր Վրթանես Բաղալյան․ «Հրապարակ»

Ադրբեջանի հետ բանակցում են ընդամենը Սուսի, Աղավնոյի, Բերձորի բնակիչները․ Տեր Վրթանես Բաղալյան․ «Հրապարակ»

Նյութը՝ «Հրապարակ»-ի

Բերձորի, Աղավնոյի, Սուսի շուրջ ստեղծված իրավիճակին  անդրադարձել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։ Նա նախ նկատում է, որ Աղավնոյում երբեք ազերիներ չեն ապրել, քանի որ այն լրիվ նորակառույց բնակավայր է. «Դա կարող էր ընկնել շրջանցիկ ճանապարհի մեջ։ 2-րդ․ եթե այդ 3 բնակավայրը նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայով որոշել էին հանձնել ադրբեջանցիներին եւ տարբերակ չեն ունեցել դա չստորագրելու, թող նոյեմբերի 9-ից մինչեւ այսօր գոնե այդ բնակիչների համար տուն կառուցեին։

Այսինքն՝ տեսնում ենք, որ մեր կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, այդ խայտառակ կապիտուլյացիան ստորագրել է նաեւ Բերձորի, Սուսի, Աղավնոյի հետ կապված, երկու տարվա ընթացքում այդ բնակիչների համար ո՛չ տուն, ո՛չ էլ շրջանցիկ ճանապարհ չի կառուցվել։ Եվ եթե պայմանագրով 3 տարի էր, ապա դեռեւս այդ 3 տարին էլ չի լրացել, ինչո՞ւ են շտապում այդ բնակավայրերը շուտ հանձնել, հատկապես որ եռակողմ ստորագրված փաստաթղթի մեջ մարդիկ իրենց բնակավայրերը պետք է վերադառնային, ուրեմն ինչո՞ւ չի ապահովվում այդ մարդկանց անվտանգությունը, թող ռուս խաղաղապահները, ապահովեն նրանց անվտանգությունը, եւ իրենք մնան իրենց բնակավայրերում»։

Տեր Վրթանեսի դիտարկմամբ, այնպիսի իրավիճակ է երկրում, որ կարծես պետական կառույցները պարալիզված լինեն, հենց մեկը՝ «Սուրմալուի» դեպքերի հետ կապված։ «Պետական պաշտոնյաները շատ անգամ գալիս են այդ ֆոնին փիառվելու եւ գնալու, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեսնում ես, որ նմանատիպ դեպքերի պատրաստ չէ, եւ չունենք մասնագետներ։

Մի պաշտոնյա էլ նախօրեին ասաց, թե, վստահաբար, ահաբեկչություն չէ, որովհետեւ կային փախչող մարդիկ եւ ծուխ․․․, ինչ է, նման իրավիճակում, երբ ծուխ կա, եւ մարդիկ փախչում են, ահաբեկչություն չի՞ կարող լինել։ Տասնյակ այդպիսի նկարներ կան, որտեղ ե՛ւ ծուխ կա, ե՛ւ փախչող մարդիկ, ե՛ւ ահաբեկչություն։ Ու ցավալին այն է, որ այսօր այդ շուկայի պատասխանատուներից սկսած մինչեւ պետական համակարգի պատասխանատուներ, ոչ մեկն այսքան զոհերից հետո պատասխանատվության չի ենթարկվել,- ասում է նա ու զուգահեռ տանում Վեհափառ հայրապետի կեցվածքի հետ, ով կատարված ողբերգությունից անմիջապես հետո ցավակցել է զոհերի հարազատներին, ապաքինում մաղթել վիրավորներին։- Բայց մեկ էլ տեսնում ես՝ ինչ-որ մի թափթփուկ, անարժան մեկը, որ իրենից ոչինչ չի ներկայացնում, հայտարարում է, որ Վեհափառ հայրապետն է կորել…, տղա ջան, դու ես կորել..., բայց արի ու տես, որ այդ գրառումը մի ֆեյք կայքում դնում է իր էջում ու մի քանի ժամում մի քանի հազար դիտում ապահովում, ու բոլոր այդ կեղծ էջերը, կայքերը իրենց թափթփուկ հետեւորդները, ինչպես որ ծաղկի վրա մեղուներն են հավաքվում, այնպես էլ կեղտի վրա են հավաքվում, ինչպես ճանճերն ու թրթուրները։ Մեր անկախ պետության մեջ կարող է ինչ-որ թափթփուկ քո եկեղեցու առաջնորդի հասցեին անպատասխանատու հայտարարություն անել, հետո էլ լկտիաբար ներողություն չխնդրել, մինչդեռ արտասահմանում մեր քրիստոնյա ժողովուրդը, բարեպաշտ եկեղեցականները վիրավորվում են, որ կարող է մեր ազատ, անկախ երկրում նման լկտի վերաբերմունք լինել մեր եկեղեցու նկատմամբ»։

Նկատեցինք, որ Բերձորի դեպքերի հետ կապված, սակայն, Վեհափառն առանձին հայտարարությամբ հանդես չի եկել։ «Պարզ է, որ եկեղեցին նեղված է եւ կարծիք հայտնել է, ու բոլորս ենք հայտնում։ Երեկ Բերձորի եկեղեցում պատարագ է արվել՝ թեմակալ առաջնորդի գլխավորությամբ։ Եկեղեցին ամեն սրբավայրի համար փորձում է պայքարել, ինչպես որ այսօր մեր վանականներն իրենց կյանքի գնով՝ ռուս խաղաղապահների պաշտպանությամբ, փորձում են Դադիվանքը պահել եւ դեռեւս այնտեղ ծառայություն են իրականացնում, բայց չենք տեսնում իրենց կողքին պետական աջակցություն։ Ասեմ նաեւ, որ այդ բնակիչների մեջ տեսա 2-րդ թասիբով արցախցուն, որ իր օջախն այրում էր, որ պիղծ շուն թուրքերը չգան այդտեղ բնակվեն։ Առաջինը հենց Աղավնոյի այդ երկու բնակիչները պետք է տուն ստանան։ Մինչդեռ տեսնում ես իշխանություններ, որ խայտառակ համաձայնագրով մարդկանց տարածքն են հանձնել, տեսնում ես պաշտոնյաներ, որ ուզում են բնակիչներին պարտադրել, որ իրենց տները չվառեն, այլ պատրաստ վիճակում տան թուրքին։ Այսինքն՝ իրենք բացի հողն ու ջուրը, հայրենիքը վաճառելուց, երեւի տներն էլ են առանձին վաճառել, այդ թվում՝ եկեղեցիները»։

Ինչ վերաբերում է այդ 3 բնակավայրերի հոգեւոր ժառանգությանը, Տեր Վրթանեսը կարծում է, որ դրանք մենք կարող էինք պահպանել. «Այդ եկեղեցիները կարելի էր 3 տարվա ընթացքում համարակել եւ ամբողջը քանդել ու վերահավաքել այն նոր բնակավայրում, որտեղ պետք է ապրեն մեր Սուսի, Բերձորի, Աղավնոյի բնակիչները, եւ իրենք պետք է ցաքուցրիվ չլինեն, իրենք պետք է համայնքներով Արցախում տարածք ունենան, ապրեն ժամանակավոր, տներ ունենան, եւ երբ նորից Սուսը, Աղավնոն ու Բերձորը հայրենասեր իշխանություններ ունենան, բանակը, պետություննը հզոր լինի՝ վերադարձնեն ու գնան, իրենց բնակավայրերում ապրեն»։

Հոգեւոր հայրը կողմ է, որ մենք ամեն գնով պայքարենք այդ բնակավայերի համար. «Ի վերջո, թող կառավարությունը դա փոխանակի Թաղավերի, այն բնակավայրերի հետ, որ ադրբեջանցիք ռուսների ներկայությամբ մտան ու մեր ձեռքից խլեցին նոյեմբերի 9-ից հետո։ Թող Սուսը, Աղավնոն ու Բերձորը փոխանակվեն գոնե դրանց հետ, եւ մենք էլ սրանք չտանք։ Այդ եռակողմ պայմանագիրը, բացի ռուսներից ու ադրբեջանցիներից, նաեւ Հայաստանն է ստորագրել, եւ երբ այդ պայմանագիրը խախտվում է, ու գերիները մինչեւ այսօր դեռ հայրենիք չեն վերադարձել, մեր իշխանությունները պետք է իրավունք ունենան՝ գոնե Լաչինի միջանցքը պաշտպանեն։ Երբեմն ռուսներին, ադրբեջանցիներին այնպես են մեղադրում, բայց մենք էլ ենք, չէ՞, կողմ, պարզ է, որ ադրբեջանցին պետք է մի մետր էլ ավել մեր հայրենիքից խլի, բայց մենք չպետք է տանք այդ հողը, ասում են՝ ռուսը ձեն չհանեց․ դա ռուսի հողը չէ, դու քո հողի համար պետք է պայքարես։ Եվ եթե մենք մեր իրավունքները չպահենք, մեր կողքը ոչ ոք չի կանգնի»։

Աղավնոյում երեկվանից չկան էլեկտրաէներգիա, հեռախոսակապ, գազ։ «Ժամկետը ոչ թե օգոստոսի 25-ն է, այլ մինչեւ մյուս տարվա նոյեմբերի 9-ը այդ պայմանագրով ժամանակ կա, բայց իրենք արդեն անջատել են այդ գյուղերի հոսանքը, գազը, ինտերնետ կապը։ Այսինքն՝ 3 տարին չլրացած, մեզ մեր բնակարաններից դուրս են հանում։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ազգի շահերը պաշտպանող պետական պաշտոնյաներ ուղղակի չկան։ Մենք մնացել ենք առանց պետական ղեկավարության եւ Ադրբեջանի պետության հետ բանակցում են ընդմաենը Սուսի, Աղավնոյի, Բերձորի բնակիչները, եւ այդ մարդիկ հայտնվել են անհարմար վիճակում, որովհետեւ ՀՀ-ն՝ որպես պետություն, իր գործառույթները չի իրականացնում՝ ազգի անվտանգությունը ապահովելու համար, ինչպես որ Երեւանում ուժային կառույցներով իրենց անձնական անվտանգությունն են ապահովում։ Ես աղոթում մեր Արցախի, Սուսի, Աղավնոյի ու Բերձորի բնակիչների համար, թող Աստված մեր ազգին մի քիչ սեր ու միաբանություն տա, եւ ունենանք ազգային այն իշխանությունները՝ հավատքով առլեցուն հայրենիք, որ մեր ազգի շահերը միջազգային ատյաններում պահեն»,- հավելում է Տեր հայրը։

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ