17 08 2022

Թեթևսոլիկություն

Թեթևսոլիկություն

Հայաստանում այսօր՝ օգոստոսի 17-ին և 18-ին սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի, որին զոհ է գնացել վերջին տվյալներով՝ 16 մարդ։

Պարզվում է՝ սգո առիթը իշխանության ներկայացուցիչները ոչ միայն օգտագործում են փիարի ու ֆոտոսեսիայի համար, այլ ավելի հեռուն են գնացել՝ քարոզարշավ են անում «ոսկորների» վրա։ Տիգրան Ավինյանը մոտենում է փրկարարների աշխատանքը լուսաբանող լրագրողներին և կամերաների առաջ հայտնում, որ եկել է որպես քաղաքապետի թեկնածու։

Ցավոք, դատապարտելի քայլ ոչ միայն նա է թույլ տալիս․ այս օրերին այն, ինչ անում են ՀՀ իշխանությունները, կարելի է բնորոշել որպես թեթևսոլիկություն։

ՀՀ նախագահականը հաղորդագրություն տարածեց, որ այսօր, երբ Հայաստանում սուգ է, նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական բացիկներ է ուղարկում։ Մասնավորապես, շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

Իհարկե՝ օրենքով սահմանված չէ նման արարողակարգը, բայց առնվազն բարոյական տեսանկյունից սա անթույլատրելի է։ Մանավանդ երբ հաշվի ենք առնում մի կարևոր հանգամանք՝ Ինդոնեզիայի նախագահը չի ցավակցել Հայաստանում աղետի կապակցությամբ։ Առնվազն դրա մասին հանրությունը տեղյակ չէ, որևէ հրապարակում չկա այդ մասին։

Դիվանագիտության մեջ ամենակարևորը, դիվանագիտության մեխը փոխադարձության սկզբունքն է։ Եթե մի քանի օր է, ինչ աղետի պատճառով դիեր են դրված քո երկրում, չեն ցավակցում, դու որպես ի՞նչ ես շնորհավորական ուղերձ հղում։

Նախագահականի կայքը ուսումնասիրելիս պարզվում է, որ Վահագն Խաչատուրյանին ցավակցական հեռագիր է հղել միայն Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Սակայն Վահագն Խաչատուրյանն այս ողբերգության օրերին շնորհավորական մի քանի բացիկ է ուղարկել՝ օգոստոսի 15-ին՝ Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին՝ Կորեայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Նույն օրը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին՝ Հնդկաստանի Անկախության 75-ամյակի կապակցությամբ: Նույն օրը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալոիս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

Այս պետություններից ոչ մեկի ղեկավարը Վահագն Խաչատուրյանին չի հղել ցավակցական հեռագիր։

Ավելին, նման թեթև վարք է դրսևորել նաև ՀՀ վարչապետը։

Նշված պետությունների ղեկավարներին նա ևս ուղարկել է շնորհավորական բացիկ, այն դեպքում, երբ նրանք չեն ցավակցել Հայաստանում տեղի ունեցածի կապակցությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ