25 01 2023

«Կարճ ասած»․ Կլինի՞ էլ «բարեփոխում» չանեք, թողեք տղերքը ապրեն



 

Կարող ենք արդեն ասել, որ հանրությունը բոլորովին չի վստահում վարկածին, որ շրջանառության մեջ է դրել իշխանությունը՝ կապված Ազատ գյուղում զինվորների կացարանի վերածած խրճիթի հրդեհի հետ։ Իշխանությունը թշնամու կողքին գտնվող սահմանամերձ գյուղում կասկածելի հրդեհին միանգամից գտավ պատասխաններ, մեղավորներ, պատասխանատուներ, ազատվեցին մի շարք բարձաստիճան զինվորականներ, բայց հետո բազմաթիվ հարցեր առաջ եկան՝ դուք ասում եք զինվորները մահացել են անգամ տեղաշորից դուրս չեկած, չեն հասցրել վեր կենալ, ծխահարվել են, ողջ մնացած զինվորն ասում է ես չեմ տեսել պառկած զինվոր, ասում են ավտոբենզին են օգտագործած եղել, քաղաքացին ասում է, այդտեղ միայն դիզելով աշխատող տեխնիկա էր, հարցնում են էդ ոնց ամեն ինչ վառվեց, փոքր տաբուրետկան չվառվեց, ոնց եղավ, որ դրսից տեխնիկան խփեց-քանդեց շենքի պատերը, բայց քարերը ներս լցվելու փոխարեն դուրս լցվեցին։ Մարդիկ չեն հավատում ու ճիշտ են անում, որ չեն հավատում ձեր արդար քննությանը, որովհետև դուք դեռ քննություն չարած՝ որոշեցիք, թե ովքեր են մեղավորները, բայց հատկապես վարչապետն ու պաշտպանության նախարարը անմեղ են։

Ձեր քննությանը չեն վստահում, որովհետև ունեն տխրահռչակ մի քանի փորձ․ դուք քննել եք ապրիլյան պատերազմի դեպքերը, ձեր ուզած ձևով՝ Հայաստանին պարտված ներկայացնելու համար, բայց արդյունքը չհրապարակեցիք, որովհետև ձեր ուզոածը չէր, դուք քննում եք 44-օրյա պատերազմի հանգամանքերը, ու քննողների մեջ մարդիկ են, որոնք 44 օր խաբել են, հիմարացրել են ժողովրդին, դուք Սուրմալուի պայթյուն եք քննում, ու ոչ մի բան հայտնի չէ այդ դեպքից, որին 16 հոգի զոհ գնաց, դուք քննում եք Եռաբլուրում ծնողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ու կարճելուն եք տանում գործը։ Դուք ինչ քննել եք, պրավալ եք տվել, փակել եք, ծածկադմփոց եք արել, պարտվել եք կամ դոփում եք տեղում՝ մարտի 1-ի սպանությունների գործն ասեմ, Մանվելի տուշոնկա շոուն ասեմ, ո՞ր մեկն ասեմ։ Ասում էիք Սերժը թաքցնում ա խաղաղ պայմաններում բանակում զոհվածների դեպքերը, դուք եկաք, մենակ հույսեր տվեցիք, ուրիշ ոչինչ, ու էդ ծնողները հիմա էլ ձեր դեմ են ցույց անում։ Ասում եմ՝ չկա մի աղմկահարույց գործ, որի վերաբերյալ ունեք վճիռ՝ կարճել եք, պարտվել եք, բայց ներողություն չեք խնդրել։ Ու հիմա ժողովուրդը չի հավատում հատկապես ձեր վարկածներին։ Չի կարող զոհ թաքցնող կառավարությունը, հերոսի անունները թաքցնող կառավարությունը, նույն բանակում ողբերգության վարկած առաջ քաշի ու արդար քննի, մարդիկ էլ հավատան։

Կառավարության շենքում նստած են էս երկրի գլխավոր քննիչը, գլխավոր դատախազը, պաշտպանության նախարարը ու միաժամանակ միջնակարգ կրթություն ունեցող մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, ինքը վարկած է առաջ քաշում։ Բա ո՞վ կհավատա, էն էլ Նիկոլ Փաշինյանը, որը ինչ խոստացել ա, ինչ ասել ա՝ սուտ ա դուրս եկել։ Գիտե՞ք ոնց է ընդհանրապես գրագետ հանրությունը հավատում կամ չի հավատում լուրերին․ ամենապարզը՝ ով է այն հրապարակել․ ասում են չէ՞, եթե այսինչ լրատվամիջոցն է, ուրեմն ճիշտ է, ստուգված է․ Նիկոլի թերթում, օրինակ, սովոր էին որ պետք է կարդալ ոչ թե ստուգված նյութեր, այլ՝ նյութեր, որոնց մեջ կա «մեր հավաստի աղբյուր», «օդում կախված լուրեր» արտահայտությունները։ Նույն էս կտրվածքով էլ մարդիկ գիտեն՝ ՔՊ-ական իշխանության լուրերին հավատալ թե չէ։ Ծնողները կասկածում են ձեր իշխանությանը, որովհետև երեխեքին առողջ ուղարկում են բանակ, դուք հազարներով զոհ եք տալիս ու ասում եք դե էս 5 հազարը պատերազմից մահացավ, էս 30 հոգին ոչ կանոնադրային հարաբերություններից մահացան, էս 15 հոգին դե վառվեցին՝ մահացան, էս 225 հոգին սեպտեմբերյան պատերազմից մահացան, այ տենց մատերի արանքով, ոչ կենսագրություն կա, ոչ անուն-ազգանուն կա, ոչ մահվան հանգամանք, դուք էլ որ խոսում եք, +- 50 -ով եք խոսում։

Վարդենիսի դեպքերով թիվ 1 ինֆորմացիա տվողը պետք է լիներ պաշտպանության նախարարը։ Նա պետք է ամեն օր կոկորդը պատռեր հարցազրույց տալուց, ելույթ ունենալուց, որովհետև կատարվածի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է միգուցե արդարանար, պարզաբաներ, բայց հրավիրում են, որ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում մեկնաբանություններ ու պարզաբանումներ տա, չի գնում, ասում է՝ նպատակահարմար չէ։ Հաջորդ օրը հելնում-վազում է ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպման։ Հիմա դու ՀՀ պաշտպանության նախարարն ե՞ս, թե ՔՊ-ի։ Բայց աբսուրդը դրանից հետո իրենց դաշտ նետած ինֆորմացիան է։ Ասում են, թե «քննարկել են բանակաշինության, բարեփոխումներին վերաբերող հարցեր, ՔՊ-ն սուր հարցեր է տվել Պապիկյանին, խոսել են մտահոգիչ երևույթների մասին․ ասել ենք այո, մենք մեղավոր ենք» և այլն։ Ուզում եք ասել, որ ՔՊ-ականները, որ էս դեպքն անգամ բարդեցին տուժողների, զոհերի վրա, երբ հավաքվում են փակ սենյակում, քննարկում են պետության համար կարևոր հարցե՞ր, թե՞ ոնց անեն, ինչ խոսեն, որ տակից չոր դուրս գան։ ՔՊ-ն, որ հրդեհից ժամեր անց որոշում է դատախազների հավելավճար բարձրացնել, ոստիկանությանը 50 հաստիք ավելացնել, ՊՆ-ին թազա թիվ 15 հատ ավտո է առնում, զենք չի առնում, նոր մոդուլային կացարան չի առնում, 500 հազար դոլարով 15 հատ Հունդայի էլանտրա է առնում, ինչպես մամուլը գրեց, այ իրենք քննարկում էին բանակաշինության հարցե՞ր։ Վերջում էլ գնացին Ջերմուկ քեֆ անելո՞ւ։ Էլի եմ ասում, վստահ եմ, էդ հանդիպմանը հավաքվել են միասնական քննարկել, թե ոնց սղացնեն, ոնց բարդեն ում վրա կարող են՝ զինվոր կլինի, աֆիցեր կլինի, նախկին կլինի, համայնքապետ կլինի, ով ուզում ա լինի, կարևորը իրենք ու ադրբեջանցիները մեղավոր չլինեն։

Յուրաքանչյուր հայ պետք ա անգիր իմանա՝ մեր տղերքը զոհվեցին ՀՀ իշխանություն կոչվածի հանցավոր անփութության պատճառով։ Ասում են մեր բանակը փողի կարիք չունի, հենա՝ 360 մլրդ դրամ հատկացրել ենք, 190 մլրդը հետ ենք վերցրել։ Եթե դու փող ունես, բայց զինվորդ քնում է էդ պայմաններում, ուրեմն կամ դու անմեղսունակ ես այնքանով որ առաջնայինը, երկրորդականից չես տարբերում, կամ ահավոր թալանչի կամ դավաճան կամ էլ երեքը միասին։ Քաղաքական ղեկավարությունը խոստացել է բարեկարգ զորանոցներ, բայց զինվորն ապրել է խրճիթում։ Չապրեր խրճիթում, չապրեր էդ պայմաններում, չէր լինի էդ դեպքը։ Ամենից սարսափելին էլ նա է, որ պետք է անպայման այս դեպքը լիներ, որ իրար հերթ չտալով, խոստանային, որ դե հեսա-հեսա անում ենք։ Սպան բենզին լցրեց, դուռը փակեց, ինչ արեց, դրանք բոլորը ածանցյալներն են ողբերգության․ պատճառը նրանց այդ ոչ համապատասխանող շենքում տեղակայելն է, այդ որոշումն է, որ դե ի՞նչ է եղել որ։ Էսօր բացառիկ մանրամասներ եմ իմացել․ պաշտպանության նախարարը անգամ հոսանք չի ապահովել էդ տանը, փողը խնայել է, զինվորի ծնողն է ճարը կտրած, 40 մետր կաբել փռել հոսանք քաշել։ Ասում են մեր բանակը ամեն ինչ ունի, ամեն ինչ առնում ենք, բայց հերը տղուն բանակ ճամփելուց հետո էլ մի բուխտ հոսանքի լար է տանում քաշում, որ տղեն լամպի լույսի տակ հայրենիքին չծառայի։ Ու էսքանից հետո մենք հավատանք, որ դուք նորմալ զինվոր եք պահում, ՔՊ ներսում էլ բանակաշինություն են քննարկում ու Պապիկյանին սուր հարցեր տալի՞ս։ Էն Պապիկյանին, որ Երասխում զոհ ունեինք, ինքը կողքի գյուղերում բուկլետ էր բաժանում նախընտրական։ Էդ մարտահրավերները, որ քննարկել եք, վստահ եմ, որ վերաբերել են ընդդիմությանը, անձեռնմխելիությունից զրկելուն, ձեզ համար մարտահրավեր է ՀՀ քաղաքացին, Հայաստանի ընդդիմությունը, ձեր համար թուրքն ու ադրբեջանցին մարտահրավեր չեն։

Առաջ Արծրուն Հովհաննիսյանը ռազմական փորձագետ էր, դե մենք էլ մասագետ չէինք, արագ-արագ խոսում էր, մտածում էինք վերջն ա, լիքը հարցազրույցներ էինք վերցնում․ հիշում եմ՝ էն ժամանակ մեր բանակը խեղճացնում էր Ադրբեջանին, ու արծրունենք ասում էին՝ Ադրբեջանը կենդանի թիրախ է սարքել իր քաղաքացիներին, իրենք իրենց զորամասերը, ռազմաբազաները տեղադրել են քաղաքացիական շրջանում ու էնտեղից են կրակում՝ իմանալով, որ մենք չենք խփի խաղաղ բնակչությանը։ Նույն Արծրուն Հովհաննիսյանն էսօր ասում է՝ հանճարեղ որոշում էր, որ մենք զորամասերը բերեցինք գյուղերի մեջտեղները տնկեցինք, կորուստներից կխուսափենք։ Փաստորեն գյուղացիներին կենդանի վահան են սարքել, թիրախ են դարձրել ու հպարտ են, ոգևորվել են։ Կորուստներից էլ փաստորեն չխուսափեցին։ Ինչքան անֆայմ են էն երկրները, որ փոխանակ զորանոցները վարչապետի տան մոտ սարքեն, տարել են սահմանի բերան։ Մի հատ Արծրուն էլ չունեք նորմալ խորհուրդ տա։

Էս ա ժողովուրդ մեր ողբերգական իրականությունը։

Կարճ ասած՝ Անդրանիկ Քոչարյաննին ասում են ինչո՞ւ սգո օր չհայտարարեցիք, ասում ա՝ ամեն օր սուգ ա։ Այո, ինչ դուք եկել եք իշխանության, մեր երկրում մշտական սուգ է, սգից աչք չենք բացում։ Ինչի միջով ասես անցանք, ամեն ինչ հաղթահարեցինք, ձեզ չենք կարողանում հաղթահարենք։

Ամեն օր խոսում եք բարեփոխումներից, սա ձեր բարեփոխումների դեմքն է։ Ձեր բարեփոխումները տեսնում ենք մշտական ողբերգություններով, զգում են շատերը իրենց մաշկի վրա։ Կուշտ ենք ձեր բարեփոխումներից, որը բարեփոխեցիք, թողեցիք կմախքը։ Կլինի՞ էլ չանեք։ Հերիք է մեր, մեր տղաների կյանքերի հաշվին դուք բան բարեփոխեք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ