Ինչպես և նախորդիվ նշել էինք, 168.am-ը շարունակելու է բարձրաձայնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում տեղի ունեցող արատավոր բարքերի մասին, իսկ Քրիստիննե Գրիգորյանը ևս մեկ հնարավորություն ունի այնտեղ երկար փնտրել ու չգտնել կեղծիք, մանիպուլյացիա և մոլորեցնող տեղեկություններ:
Այս տարվա հունիսի 27-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի աշխատակազմ՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները:
1. Ձեր պաշտոնավարման ժամկետի սկզբից սկսած մինչև հարցման օրը ներառյալ քանի՞ անգամ է պարգևավճար տրվել աշխատակազմին (կամ ամսական աշխատավարձից բացի, այլ գումար՝ անկախ դրա անվանումից՝ լրավճար, հավելավճար կամ այլ բան):
2. Խնդրում ենք ըստ պաշտոնների նշել, թե որքա՞ն է կազմել յուրաքանչյուրի պարգևավճարի չափը:
3. Արդյոք եղե՞լ են աշխատակիցներ, որոնք այս ընթացքում լրացուցիչ անգամ են պարգևատրվել: Եթե այո, ապա խնդրում ենք, նշել նրանց պաշտոնները, պարգևատրման չափը և պարգևատրման հիմքը:
Հուլիսի 1-ին ՄԻՊ գրասենյակից ստացել ենք հետևյալ պատասխանը՝
«Ի պատասխան Ձեր՝ սույն թվականի հունիսի 27-ի հարցման՝ հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի պաշտոնավարման այս ընթացքում (փետրվարի 25-ից հունիսի 30-ը) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2022 թվականի բյուջեի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով հատկացված միջոցներից պարգևատրվել է երեք անգամ (ամսական պարբերականությամբ)՝ ընդհանուր 20.764.800 դրամի չափով:
Նկատի ունեցեք, որ նախորդիվ ժամանակահատվածում աշխատակազմի պարգևատրումները տրվել են եռամսյակային կտրվածքով, իսկ մարտ ամսին աշխատակազմի շրջանում պարգևատրումները տրամադրելու նախընտրելի պարբերականության վերաբերյալ կատարված հարցման արդյունքներով՝ այդուհետ պարգևատրումները կատարվել են ամսական պարբերականությամբ՝ պահպանելով բյուջետային նույն համաչափությունները։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում փաստին, որ տարեկան բյուջեով պարգևավճարների եռամսյակային սահմանաչափերի մասով 1-ին և 2-րդ եռամսյակների համար նախատեսված սահմանաչափերը պահպանվել են։
Բացի այդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին և ոչ աշխատանքային ժամերին կատարված աշխատանքի դիմաց աշխատակազմի հերթապահած աշխատակիցներին վճարվել է ընդհանուր թվով 1.268.209 դրամ հավելավճար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ժամանակահատվածում որևէ աշխատակից լրացուցիչ անգամ չի պարգևատրվել»,- ասված էր ՄԻՊ պատասխանի մեջ:
Հաջորդիվ ընդհանուր թվերով տրվել էին Պաշտպանի աշխատակազմի պարգևատրման չափերն ըստ պաշտոնների խմբերի՝
Թեպետ մենք խնդրել էինք պատասխանել, թե ըստ պաշտոնների յուրաքանչյուրին որքա՞ն պարգևավճար է տրվել, բայց ՄԻՊ-ում նախընտրել են շառից-փորձանքից հեռու մեզ ընդհանուր թվեր ասել՝ հույս ունենալով, որ գլխի չենք ընկնի՝ ի՞նչ է արվել ու ինչո՞ւ:
Եվ այսպես, սկզբի համար ֆիքսենք, որ ՄԻՊ աշխատակազմին պարգևավճար տրվել է երեք անգամ:
Այս հրապարակման մեջ կանդրադառնանք ՄԻՊ ինքնավար, հայեցողական և պետական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց ստացած պարգևավճարների չափին, կամ, ավելի պարզ ասած՝ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի ու նրա ընկերուհու ստացած պարգևավճարներին:
Ըստ այդմ՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին տրվել է 1.650. 315 դրամ պարգևավճար: Բանն այն է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը հենց ինքն է՝ Քրիստիննե Գրիգորյանը: Օրենքն ասում է, որ յուրաքանչյուր աշխատողի կարող է պարգևավճար տրվել ամսական ոչ ավելի, քան աշխատավարձի 30%-ի չափով: Դա նշանակում է՝ եռամսյակում չի կարող գերազանցել 90%-ը: Եթե հաշվի առնենք, որ ՄԻՊ աշխատավարձը 970 000 դրամի կարգի է, ապա անգամ առավելագույն հաշվարկներով ՄԻՊ պարգևավճարը 970 000 դրամից ավելի չպետք է լիներ: Մնում է հասկանալ՝ ո՞ւմ հաշվին է Քրիստիննե Գրիգորյանն իրեն պարգևատրել գրեթե կրկնակի ավել չափով, ո՞վ պետք է ստանար, բայց չի ստացել իր հասանելիք պարգևավճարի չափը, որ ՄԻՊ-ը կարողացել է իրեն 650 000 դրամ ավել պարգևավճար գրել:
Հաջորդը: Մեր տեղեկություններով՝ ՄԻՊ բարձրագույն խմբի պաշտոններ երկու անձ է զբաղեցնում՝ գլխավոր քարտուղար, Քրիստիննե Գրիգորյանի ընկերուհին՝ Անի Մխիթարյանն ու նրա տեղակալը:
Անի Մխիթարյանը, ըստ ՄԻՊ կայքի, տեղակալ չունի: Նախկին տեղակալը՝ Վլադիմիր Հովհաննիսյանը, ով Նիկոլ Փաշինյանի անուղղակի փեսան է, քանի որ հանդիսանում է ՄԻՊ նախկին աշխատակից, Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգական, այժմ ֆինանսների նախարարի մամլո խոսնակ Ռոնա Ահարոնյանի ամուսինը, անմիջապես Քրիստիննե Գրիգորյանի՝ իր պաշտոնը ստանձնելուց հետո դարձել է քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար: Նոր տեղակալ ըստ ամենայնի չի նշանակվել:
Այսինքն՝ ստացվում է, որ 1,146,552 դրամի չափով Քրիստիննե Գրիգորյանը պարգևատրել է իր ընկերուհուն՝ Անի Մխիթարյանին: Հետաքրքիր է՝ մոտ 500 000 դրամի կարգի աշխատավարձ ստացող Անի Մխիթարյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է ստացել իր աշխատավարձը կրկնակիից ավելի գերազանցող պարգևավճար:
Ինչպես ՄԻՊ-ից ասել են, պարգևավճարների սահմանաչափերը չեն փոխվել, այսինքն՝ այնպես է, ինչպես նախկինում: Այդ տրամաբանությամբ, եթե Պաշտպանի գործակիցը 15 է, և աշխատավարձը՝ հարկերը ներառյալ, կազմել է 992 000 դրամ, առանց հարկերի՝ 770 000-ի կարգի գումար, այդ դեպքում ինչի՞ հիման վրա է այդքան ավել պարգևավճարային գումար գոյացել:
Նույնը վերաբերում է մյուս պաշտոններին: Այսինքն՝ պարգևավճարային ֆոնդը, որը նախատեսված է բոլոր աշխատողներին պարգևավճար տալու համար, Քրիստիննե Գրիգորյանն ու իր ընկերուհի Անի Մխիթարյանը վերաբաշխում են այնպես, ինչպես ցանկանում են:
Ինչ վերաբերում է հայեցողական պաշտոններին, ապա դրանք նախկինում երկու դեպարտամենտների ու 4 մարզային բաժինների՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի բաժինների ղեկավարներն են, խորհրդականն ու օգնականը նաև:
Հիմա հայեցողական պաշտոններ զբաղեցնում են երկու դեպարտամենտների ղեկավարները, երկու խորհրդականներից մեկը, քանի որ մյուսի հաստիքը թափուր է, պաշտպանի երեք օգնականները, երևի նաև մարզային բաժինների օգնականները:
Նրանց մեկ եռամսյակի համար տրվել է 5,213,982 դրամ պարգևավճար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը