Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գրում է.
Երկնիշ «տնտեսական աճի» մութ կողմերը
Օրերս Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2022թ. մայիսին» փաստաթուղթը:
Սրանից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022թ․-ի առաջին հինգ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10․2%-ով։ Թվում է, թե տնտեսությունը մեծ թափով զարգանում է, մինչդեռ, երբ փորձում ենք հասկանալ, թե այդ աճն ի՞նչ կառուցվածք ունի, իրականում ի՞նչ գործոններ են ազդել նման ցուցանիշի արձանագրման գործում, պարզ է դառնում, որ աճը ԲԱՑԱՌԱՊԵՍ արտաքին գործոնների հետևանք է և ոչ տնտեսության ներքին գործընթացների կայունացման։
Մասնավորապես՝ այս տարվա հինգ ամսվա տվյալներով արդյունաբերությունն աճել է 2․7%-ով, շինարարությունը՝ 11․4%-ով, առևտուրը՝ 8․9%-ով և ծառայությունների ոլորտը՝ 24․9%-ով։
Շինարարության ոլորտի աճն առավելապես պետք է պայմանավորել եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսների ետ վերադարձի ծրագրի պայմանների փոփոխմամբ:
Արդյունքում բնակչության մի հատվածը ձգտում է օգտվել այդ արտոնությունից, ինչն էլ էապես խթանել է Երևան քաղաքում շինարարության ծավալները։
Առևտրի աճը համադրելի է գնաճին և մասնամբ նաև մեր երկիր օտարերկրացի քաղաքացիների ներհոսքով պետք է պայմանավորել։ Իսկ ծառայությունների ոլորտի աճը բացառապես պայմանավորված է օտարերկրացի քաղաքացիների ներհոսքով։
Տնտեսության հիմք հանդիսացող արդյունաբերության աճն անհամեմատ համեստ է։ Այն որ տնտեսությունն աճել է 10․2%-ով, իսկ արդյունաբերությունը մոտ 4 անգամ ավելի դանդաղ՝ 2․7%-ով, վկայում է այն մասին, որ այդ աճը մեր տնտեսության հիմքերի ամրապնդմամբ չի պայմանավորված, այլ աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում դեպի մեր երկիր օտարերկրացիների մեծ ներհոսքով։
Ներմուծման և արտահանման աճը ևս մտածելու տեղիք է տալիս։ Ներմուծումն աճել է 42․2%-ով, իսկ արտահանումը՝ 27․5%-ով։ Սա պայմանավորված է կրկին աշխարհաքաղաքական հանգամանքներով. մեր երկրի միջոցով տեղի է ունենում ապրանքների և ծառայությունների վերաարտահանում։
Ստացվում է, որ տնտեսության զարգացումը բացառապես պայմանավորված է արտաքին հանգամանքներով, ոչ թե ներքին, ինչն էլ թույլ չի տալիս, որպեսզի գործընթացը լինի վերահսկելի։
Այսինքն՝ կառավարությունը տնտեսական զարգացումների վրա որևէ էական ազդեցություն չունի և հերթական անգամ մեր տնտեսության վիճակը կախված է արտաքին հանգամանքներից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը