Անցած մեկ ամսվա ընթացքում ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների խնդիրը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Որպես բռնության մշակույթի դեմ պայքարող կառույց՝ մենք բարձրաձայնում և ահազանգում ենք բռնության ցանկացած դրսևորման դեմ։ Իհարկե, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան մասնագիտորեն զբաղվում է գենդերային բռնության խնդիրներով և իր անդամ կառույցների միջոցով աջակցություն տրամադրում ընտանեկան, սեռական, գենդերային բռնության ենթարկված կանանց և աղջիկներին, սակայն, ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարների նկատմամբ առերևույթ բռնության դրսևորումները, ակցիաների մասնակիցներին բռնությամբ բերման ենթարկելը, հարվածներ հասցնելը, նվաստացուցիչ վիճակում բերանքսիվայր պահելը, հրմշտելը, այդ թվում նաև կանանց, անընդունելի է։
Առնվազն 2018 թվականի հանրային բողոքի ալիքից հետո նորընտիր Կառավարության կողմից կար հստակ շեշտադրված միտում՝ ունենալ առանց բռնության հասարակություն, սակայն այսօրվա իրողությունը ցույց է տալիս, որ ոստիկանության գործիքակազմը չի փոխվել, այն մնում է բռնության տիրույթում։ Ոստիկանությունն այն մարմինն է, որի վստահության խաթարման պարագայում հասարակության տարբեր խնդիրներ խորանալու են։ Վստահության մթնոլորտ ձևավորելու և հավաքի բոլոր փուլերում այդպիսի մթնոլորտը պահպանելու համար ոստիկանության և հավաքի կազմակերպիչների, մասնակիցների միջև հաղորդակցությունը պետք է ուղղված լինի լարվածության նվազեցմանն ու «պայթյունավտանգ» իրավիճակիների, ինչպես նաև հնարավոր բռնությունների բացառմանը:
Այդուհանդերձ, մեր երկրում առանց այդ էլ մեծացել է հանրության տարբեր խմբերի միջև լարվածությունը՝ ատելության խոսք, բռնության կոչեր, անհանդուրժողականություն այլ կարծիքի նկատմամբ, որն ազդում է նաև սոցիալական տարբեր խմբերի, ինչպես նաև ընտանիքների ներսում տիրող մթնոլորտի վրա։ Բռնության այսաստիճան էսկալացիան, որին նպաստում է նաև իրավապահ համակարգն իր գործողություններով, կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ինչից խուսափելու համար, առնվազն իրավապահ համակարգը պետք է լրջագույն ջանքեր գործադրի՝ բացառելու բռնությունը։
Ուստի, կոչ ենք անում
ՀՀ ոստիկանությանը - բացառել բռնության ցանկացած դրսևորում, ուժի ցուցադրություն, նվաստացում ցուցարարների նկատմամբ։ Մշակել և կիրառել հաղորդակցության նոր լեզու և մեթոդներ, որոնք կբացառեն բռնությունը։
ՀՀ դատախազությանը - հետամուտ լինել ցուցարարների նկատմամբ Ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բոլոր դեպքերին ու դրսևորումներին։
ՀՀ կառավարությանը - ջանքեր գործադրել Հայաստանում ատելության մթնոլորտի փոփոխության, բռնության էսկալացիան կանգնեցնելու և կառուցողական հաղորդակցություն սկսելու ուղղությամբ։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան վերահաստատում է բռնության դեմ պայքարի իր առաքելությունն ու կոչ անում ձևավորել բռնությունից զերծ հասարակական հարաբերություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը