30 05 2022

Այսպե՞ս է եղել, որ մեր Մասիս սարը մնացել է այնտեղ․ արցախյան շարժման ակտիվիստ Լյուդմիլա Գրիգորյան



Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության վերականգնման օրը, Ստեփանակերտում «հանուն ԱՐՑԱԽԻ ԶԱՐԹՆԻ՛Ր, ԼԱՈ» խորագրով բազմահազարանոց երթ ու հանրահավաք է կայացել:

Երթի մասնակիցները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից «Միություն, պայքար, հաղթանակ», «Պայքար հանուն Արցախի», «Նիկոլ դավաճան» կոչերով, «Զարթնիր, լաո» և այլ հայրենասիրական երգերի ուղեկցությամբ շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ կայացել է հանրահավաք։

Հանրահավաքին ելույթով հանդես է եկել արցախյան շարժման ակտիվիստ, վաստակավոր բժիշկ Լյուդմիլա Գրիգորյանը։ Իր ելույթում նա ասել է․

«Սիրելի՛ ժողովուրդ,

դժվար է խոսել Հաջիյանից հետո, ով շնորհավորեց հաղթանակը՝ մեր Սարդարապատում և ով շատ թանկ գին տվեց մեր այսօրվա հավաքին։ Խոնարհվում եմ Ձեր առաջ, պարո՛ն Հաջիյան, խոնարհվում եմ բոլոր որդեկորույս մայրերի առաջ, խոնարհվում եմ այն բոլոր աղջնակների առաջ, ովքեր, չհասցնելով կին դառնալ, այրի դարձան, խոնարհվում եմ մեր բոլոր այն վիրավոր տղաների առաջ, ովքեր սայլակներով մասնակցում են հայրենիքի պաշտպանությանը։

Խոսքս ուզում եմ սկսել 2 պարզ նախադասությամբ, որն ասաց մի վիրավոր երիտասարդ հանրահավաքի ժամանակ, կանգնած 2 մետաղյա՝ ոտքի փոխարինող սարքի վրա, առանց ձեռքի։ Նա ասաց․

«Եթե ոտք չունենամ, պառկած եմ գալու (կարծես նա ոտք ուներ), պառկած չկարողանամ՝ սիրտս է գալու, սիրտս կանգնի՝ հոգիս է գալու»։

Ժողովո՛ւրդ, անհամեստություն չկարծեք․ ես էլ դժվար բեմ բարձրացա, ես ել եմ կրում մեր պատերազմների ծանրացած ճանապարհների հետևանքները, բայց այս նախադասությունից հետո ոչ ոք իրավունք չունի հոգնելու, դժգոհելու, զլանալու, հեռանալու պայքարից։ Այս հրապարակում, որտեղից 34 տարի առաջ սկսել է մեր համատեղ հայրենիքի լույսը բացվել, պետք է կարողանանք նորից քաղել մեր հաղթանակները։

Երբ մենք ընդունեցինք մեր փետրվարի 20-ի որոշումը, մեզ թվաց, թե հաղթանակը այսպես շուտ տեսանք, և մեկ տարի հետո ճանապարհվեցինք մայր Հայաստան, որպեսզի Ազգային ժողովն ընդունի մեզ։ Չիմանալով, որ մեզ պատերազմ է սպասվում, ոգևորված ճանապարհվեցինք և եկանք բուռն ողջունելու մեր Ազգային ժողովը։

Այնտեղ մենք հարց դրեցինք, որ մայր Հայաստանը ընդունում է Արցախին, (այն ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղին) և մենք հրաժարվելով խորթ մորից՝ Ադրբեջանից, եկել ենք, որ հարազաատ մայրը գրկի մեզ։

Հանկարծ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայությամբ մեզ ասվում է․ «Կներեք, բայց սովետական միության մեջ ենք ապրում, և Մոսկվան համաձայնություն չի տվել մեզ»։

Դուք պատկերացնո՞ւմ եք, մենք ԱԺ-ով՝ մոտ 25-30 հոգի էինք, հիմնականում տղամարդիկ, տեսա, որ տղամարդիկ հուզմունքից լացում են։ Ես ասացի՝ ինչպե՞ս թե, ղարաբաղցի կինը թույլ չի տա, որ իր կողքի տղամարդը լացի։ Բարձրացա ամբիոն ու տեսա, որ առնական տղամարդիկ են նստած ամբողջ դահլիճում ու ասացի․

«Ժողովո՛ւրդ, ես մի հասարակ կին եմ, բժշկուհի եմ Ղարաբաղից և ռուսական դպրոցում հայ ժողովրդի պատմություն չենք անցել ու մեզ համար անհասկանալի է՝ որտե՞ղ են այն 1 500 000 հայերի գերեզմանները, այս ի՞նչ Դեր-էյր-Զոր էր, որ մենք չկարողացանք դա շրջանցել։ Ի՞նչ պատասխան ենք ստանում մենք։ Ես այսօր անցա Արարատին նայելով, բայց կարծես ես չէի նայում Արարատին, այլ, սարն էր իմ աչքերին նայում՝ հարցնելով, թե ժողովո՛ւրդ, հա՛յ ազգ, մինչև ե՞րբ եմ մնալու պանդխտության մեջ, մինչև ե՞րբ եմ լռելու։

Հիմա, որ տեսնում եմ դահլիճի լռությունը, ես մտածում եմ, այսպե՞ս է եղել, որ մեր Մասիս սարը մնացել է այնտեղ, այսպե՞ս է եղել, որ մեր հայրենակից հայ երեխան, զավակը գերեզման չուներ»։

Ես, մի կերպ ինձ հավաքելով, ասացի․ «Թող Արցախում ընդամենը 150 000 բնակչություն լինի, բայց մենք թույլ չենք տա, որ ղարաբաղցին նայի Մռովին այնպես, ինչպես դուք եք նայում Մասիս սարին»։

Մի փոքր պատմություն էլ ներկայացնեմ պատերազմի շրջանից։

Երբ մենք մտանք պատերազմի մեջ, ես՝ որպես բժիշկ, ճիշտ է վիրավորված, բայց և փյունիկված, գնացի ընկերներիս հետ Շուշիի գնդում մասնակցելու պատերազմին։ Փետրվար ամիսն էր, պատերազմը դեռ շարունակվում էր և մտել էր իր թեժ փուլի մեջ, Հայաստանից եկան մեզ օգնելու տղաները՝ 4 «Իկառուս» ավտոբուսներով։

Մայիսի 12-ին, 1994թ-ին, երբ կնքվեց զինադադարը, ես՝ որպես բուժկետի պետ, գնացի հրաժեշտ տալու տղաներին և տեսա դատարկ մեքենաները։ Այդ 4 ավտոբուսից մնացել էին ընդամենը 15 տղա։ Ես, արցունքներս կուլ տալով, ասացի․

«Տղանե՛ր, շնորհակալ եմ, որ եկաք մեզ օգնելու, կներե՛ք, որ այսքանն եք մնացել։ Ձեր ընկերները մնացել են մեր հողում, նվիրել են իրենց կյանքը մեզ»։

Այդտեղից մի երիտասարդ մայիս ամսին վարդ էր գտել, մոտեցավ ու ասաց․ «Բժշկո՛ւհի, ինչո՞ւ ես շնորհակալություն հայտնում։ Հայրենիքը բոլորինն է։ Մենք չենք եկել քո հայրենիքը ազատագրելու, այլ մեր հայրենիքը պահելու»։

Ժողովու՛րդ, մեր հայրենիքն է եղել ու մեր հայրենիքն է մնացել։ Խնդրում եմ, բոլորդ հիշե՛ք, սա է ազգի ծրագիրը՝ միացյալ հայրենիք, միացում, անկախ Արցախ, միացյալ Հայաստան, տոկունություն, քաջություն, միասնություն։

Եվ նորից․ «Ղարաբաղցին չի նայի Մռովին այնպես, ինչպես նայում են հիմա Արարատին»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ