Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության վերականգնման օրը, Ստեփանակերտում «հանուն ԱՐՑԱԽԻ ԶԱՐԹՆԻ՛Ր, ԼԱՈ» խորագրով բազմահազարանոց երթ ու հանրահավաք է կայացել:
Երթի մասնակիցները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից «Միություն, պայքար, հաղթանակ», «Պայքար հանուն Արցախի», «Նիկոլ դավաճան» կոչերով, «Զարթնիր, լաո» և այլ հայրենասիրական երգերի ուղեկցությամբ շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ կայացել է հանրահավաք։
Հանրահավաքին ելույթով հանդես է եկել անվանի լրագրող ու հրապարակախոս, Քառօրյա և 44-օրյա պատերազմում որդիներ կորցրած Միքայել Հաջիյանը․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր մենք համահավաք, միասին, մեկ սիրտ ու հոգի դարձած տոնում ենք հայոց նորագույն պատմության մեջ ամենանշանակալի իրադարձությունը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումը։ Շնորհավոր տոնը, հայե՛ր, հա՛յ ժողովուրդ, այստեղ՝ Արցախում, Հայաստան՝ մայր հայրենիքում, սփյուռքի գաղթօջախներում՝ շնորհավոր։
1918թ-ին, երբ հռչակվեց ՀՀ 1-ին հանրապետությունը, հազիվ 2 ամիս, նույնիսկ քիչ ավելի պակաս ժամանակահատվածում հռչակվեց նաև ԼՂ իշխանությունը՝ անկախ, ինքնավար իշխանությունը։
1918թ․ հուլիսի 22-ին Շուշիում տեղի ունեցավ արցախահայության առաջին համագումարը, որը, փաստորեն հռչակեց ԼՂ առաջին հանրապետությունը։ Հետագայում ստեղծեց իր կառավարությունը, իր օրենսդիր մարմինը՝ Ազգային խորհուրդը, իր գործադիր իշխանությունները։
1988թ-ին՝ 70 տարի անց Հայաստանում և Արցախում հռչակվեց պետական անկախություն։ 1991թ․ սեպտեմբերի 2-ին հռչակվեց ԼՂ Հանրապետությունը։
Սարդարապատի ճակատամարտում բոլորս միասնական էինք։ Սարդարապատի ճակատամարտում հերոսություններ էին գործում նաև արցախցիները։ Արցախյան ազատամարտում դարձյալ մենք միասնական էինք։ Արցախյան ազատամարտում հերոսություններ էին գործում ոչ միայն արցախցիները, այլև մայր հայրենիքից ու սփյուռքից եկած մեր կամավորականները։
Այսօր, իհարկե դժվարին կացության մեջ է հայոց հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը։ Դուք գիտեք, որ 2018թ-ից հետո իրավիճակը շեշտակի փոխվել է ոչ հայ ժողովրդի օգտին։ Եթե այսպես շարունակվի, մենք տանուլ ենք տալու։ Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստան աշխարհը պարտվի։ Մենք չպետք է թույլ տանք, որ այն իշխանությունները, որոնք Հայաստանը գահավիժման են տանում, մնան թեկուզ մեկ օր ավելի։ Մենք պետք է հասնենք մեր ժողովրդի այս նվիրական խնդրի իրականացմանը, այլապես չկանք մենք, այլապես կործանված ենք մենք։
Արցախյան երրորդ պատերազմում մենք միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել։ Արցախյան երրորդ պատերազմում՝ 2022թ․ աշնանը մենք կռվել ենք մի շարք պետությունների դեմ, դիմակայել ենք նրանց հարձակումը, նրանց ագրեսիան․ Ադրբեջան, Թուրքիա, ահաբեկիչներ՝ Սիրիայից, Լիբիայից, Պակիստանից, թուրքական Գորշ գայլեր, սպառազինություն աշխարհի ամենատարբեր երկրներից և այդքանի դեմ ընդամենը մեկ Պաշտպանության բանակ՝ իր սահմանափակ հնարավորություններով։
Հետևեք լրահոսին, աշխարհը մնում է հիացած մեր Պաշտպանության բանակի, այդ մարտերին մասնակցած հայ քաջորդիների սխրագործություններով, որովհետև 44 օր մենք կարողացանք դիմակայել այդ վիթխարի ճնշմանը։
Մենք պատերազմում չենք պարտվել, այլ ընդամենը տանուլ ենք տվել ճակատամարտում, մեր մեջքը չի կոտրվել, ընդամենը մի փոքր ցավ է տվել, այդպես համարենք։
Մենք պինդ ենք, մենք կռո ենք՝ կռո ճղուպուր, որ երբեք չի կոտրվի։ Մենք արդեն ոտքի ենք և ավելի ենք ամրապնդում մեր մեջքը՝ այստեղ՝ Արցախում, այնտեղ՝ Երևանում, մայր հայրենիքի տարբեր մարզերում, քաղաքներում ու բնակավայրերում, հայոց սփյուռքում. մենք միասնական ենք, սա իրոք եռամիասնություն է, որից վախենում է մեր թշնամին։
Նա փորձում է մաս առ մաս անջատել իրարից, փորձում է առանձին-առանձին կոտրել մեզ, բայց չի հաջողվի։ Մեր տղաները, այդ թվում և իմ զավակները պատերազմ են գնացել ոչ թե զուհվելու, այլ հաղթելու ու տուն դառնալու համար, բայց մի զգալի մասը, ցավոք, տուն չդարձավ վահանով, վերադարձավ վահանի վրա՝ այդ թվում և իմ զավակները։
Որքան ցավ, որքան կսկիծ է պարունակում այդ բոթը յուրաքանչյուրիս համար, նույնքան և մենք հպարտություն ենք ապրում մեր զավակներով։ Մենք որդիներ ենք դաստիարակել, հայրենյաց զավակներ, հայրենյաց զինվորներ, և պետք է գալիք սերունդները մշտապես մտածեն այդ առաջնահերթության մասին․ զավակներ ոչ թե առաջին հերթին ընտանիքի, այլ հայրենիքի համար, երկրի համար, որոնք պետք է ամուր պահեն երկիրը։
Բոլոր նրանց, ովքեր վահանով են վերադարձել, ովքեր վահանի վրա, պատգամ ունեմ, որն ուզում եմ հնչեցնել Սարդարապատ երգի տողերով․
Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը,
Որ մեր հոգու պարտքը տանք:
Պայքա՛ր, պայքա՛ր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը