Այս օրերին ամեն օր նկատելի է, թե որքան է մեծանում «Դիմադրության շարժումը»։ Դիմադրության շարժումը միայն զանազան ակցիա անող մարդիկ չեն, այն քաղաքացիներն են, որոնք պահանջում են այս իշխանության հրաժարականը և ողջունում այդ առիթով ընդդիմության գործողությունները։ Այս օրերին նաև շատ նկատելի է, թե որքան քիչ է մարդկանց թիվը, որոնք Նիկոլ Փաշինյանին են սատարում․ այդ մարդիկ բոլորը միասին մի փոքր հրապարակ չեն լցնի։ Ընդ որում, ամեն օր տեղի են ունենում գործընթացներ, որոնք էլ ավելի են մեծացնում հրապարակը։ Գիտե՞ք քանի հոգի փողոց դուրս եկավ միայն այն տեսարանից, որ բերետները ծեծում էին տարեց կնոջը, որ կոտրել էին անչափահասի ոտքը։ Քա՞նի հոգի փողոց դուրս եկավ՝ տեսնելով ԱԺ դիմաց էն ուժայինների շոուն, ինչ զինամթերք ունեին, բերել էին Ազգային ժողով։ Իրավիճակի տերը իշխանությունը չէ։ Փողոցում պայքարողների թիվը մեծանում է իշխանության գործողությունների պատճառով։ Այսօր, օրինակ, լուր հրապարակվեց, թե Տավուշի մարզում մերոնք սկսել են արագ տեմպերով երկրորդ ու երրորդ գիծ խրամատներ փորել։ Լուրեր են պտտվում, որ Տավուշից տարածքներ են հանձնելու, այդ թվում՝ Վրաստան տանող մայրուղուց հատված։ Այս ամենը մեծացնում է փողոցը։
Մարդիկ տեսնում են, որ փողոց դուրս գալն այլընտրանք չունի։ Ու իշխանությունը սկսում է սարսափել։ Դուք տեսա՞ք, որ այսօր կարմիր բերետները զգացին իրենց թուլությունը, այսօր ընդամենը մի քանի հոգու բերման ենթարկեցին։ Որովհետև դիմադրություն շարժումը մեծացել է, ոստիկանները դարձել են հնազանդ։
Այսօր առավոտյան ահազանգ ստացանք, որ պարեկներն արգելափակում են բոլոր մարզերից Երևան մտնող բեռնատարների ճանապարհը։ Կանգնեցնում են, ասում են ուղեկցենք․ վախենում են, ժողովուրդ, վախենում են, որ բեռնատարները հանկարծ կմտնեն քաղաք ու ինչ-որ տեղ փողոց կփակեն։ Էդքան պարեկ որ գործի էին ընդունել, ինչի՞ համար էր, սրա համար էր, որ պահեն Նիկոլի իշխանությունը։ Ի դեպ, ապրանք տեղափոխող բեռնատարների մուտքը փակելը տնտեսության մասին չմտածելու քայլ է։ «Համաշխարհային մակարդակի տնտեսագետ» Քերոբյան Վահանը երբ ասում է ընդդիմությն ակցիաները տնտեսության վրա չեն ազդի, ճիշտ է ասում, բայց այ իշխանության արածները տնտեսության վրա ազդում են։ Որ դուք բեռնատարների մուտքը Երևան դժվարացնում եք, արդյո՞ք դա տնտեսության հերը չեք անիծում, թույլ չեք տալիս մարդկանց իրենց ապրանքը ժամանակին տեղ հասցնեն՝ միմիայն ձեր վախերի պատճառով։ Երևանի հրապարակները, հատկապես՝ կենտրոնական հրապարակը նայում ես, ոստիկանական ակադեմիա է հիշեցնում, ծանր տեխնիկա, ոստիկանական զորքերի ավտոբուսները, բեռնատարները ամենուր ոստիկան է, զբոսաշրջիկներն ասում են՝ եկել ենք Երևանը տեսնելու, կենտրոնով չենք կարողանում ման գալ, ոստիկան է ամենուր։
Կրկնում եմ՝ այս իշխանության գործողություններն ամեն օր իրենց դեմ են հանում քաղաքացիներին։ Մարդիկ իրենց պահանջներն առած գալիս են հրապարակ։ Մեկը իր հետ Ֆրանսիայի հրապարակ էր բերել հպարտ քաղաքացու անձնագիր կոչվող մակուլատուրան, որը Նիկոլ Փաշինյանն էր սարքել՝ նախընտրական ծրագիր որպես։ Բերել թարթում էր ու ասում էր՝ ինձ խոստացած ոչ մի բան չի իրականացվել։ Մարդն ասում է ես ձեզ ձայն եմ տվել, որ իմ վիճակը փոխվի, գոնե նորմալ ապրեմ, բայց սա ապրե՞լ է։ Գյուղացին եկել է ու Ֆրանսիայի հրապարակ, ասում է սահմանամերձ գյուղից եմ, եկել եմ, որովհետև ստեղից պետք է պարզ լինի՝ գնա՞մ հողը մշակեմ, թե՞ մնալու է թուրքերին, սահմանի բերան է։ Այո ժողովուրդ, այս պայքարից է կախված՝ դուք ապրելո՞ւ եք ձեր գյուղում, քաղաքում, ձեր տներում, թե՞ դառնալու եք փախստական, ինչպես Արցախի 75 տոկոսի վրա ապրողները։
Շատերը փողոց դուրս են գալիս այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի մասին մի շարք միֆեր էին հորինել, որոնք այս 4 տարում անխնա փշրվեցին, ու տակը մնաց մի հատ մեծ դատարկություն։ Միֆերից մեկն այն էր, թե Նիկոլը արդար է։ Այդ միֆը փշրվեց այ ժամանակ, երբ Նիկոլը հայտարարեց՝ կա՞ էդպիսի մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Ասում էին Նիկոլը իր խոսքի տերն է, խոստացավ որ այլևս ոչ մի պաշտոնի չի նշանակի ԽԾԲ համակարգով, բայց շատ-շատերին այդ կոռուպցիոն ձևով նշանակեց։ Ասում էին՝ Նիկոլը անկաշառ է․ որքա՞ն օդում կախված լուրեր կան, նաև կոնկրետ հայտարարություն, թե խմբագիր եղած ժամանակ Նիկոլին ինչպես են փող տվել, որ նյութ գրի կամ չգրի մարդկանց վրա։ Միֆերից մեկն այն էր, թե Նիկոլը ժողովրդի պես աղքատ է, ժողովրդի ծոցից են դուրս եկել․ էս միֆը փշրվեց թեկուզ Սուրեն Պապիկյանի բաազմամիլիոնանոց հարսանիքի ժամանակ, պաշտոնյաների՝ հսկայական պարգևավճարների ժամանակ։ Ատամները չսարքելով աղքատ ձևանալու տեխնոլոգիան այլևս չի աշխատում։ Ասում էին՝ Նիկոլը ժողովրդական է․ գիտե՞ք քանի հոգու մոտ էս միֆը փշրվեց, երբ հայտարարեց՝ կարող էի պատերազմը կանգնեցնել, վու չէին զոհվի 5 հազար հոգի, բայց չկանգնեցրի։ Ասում էին՝ Նիկոլը մարդկային է․ հղի կնոջը սպանեցին փողոցում ու անտարբեր անցան կողքով։ Այդ միֆն էլ կոտրվեց։
Այս ամենի արդյունքում մեծանում է Նիկոլի դեմ պայքարողների թիվը։ Էսօր մի կին էր եկել հրապարակ, ասում էր՝ Նիկոլ, դու իմ միակ տղուն տարար խաղաղ պայմաններում ծառայելու, 10 օր էր ծառայում, դեռ զինվորական երդում չէր տվել, տարար թուրքի սպեցնազի դեմ կռվելու, զոհ տվիր։ Բեր իմ տղուն, հաշմանդամ դարձած բեր, բայց բեր։ Ինչի՞ է հողի տակ, դու ասում էիր կարող էի չզոհել։ Պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հաստատել է, ասել է՝ պատերազմի չորրորդ օրը ԳՇ պետը ասել է, որ անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել։ Կարող էր կանգնեցնել, ու այսքան զոհ չէր լինի։
Այս ամենի արդյունքում մարդիկ լցվում են փողոցեր, պահանջում են հրաժարական։
Իսկ կարո՞ղ եք ասել ում աջակցությունն է վայելում իշխանությունը․ սիրված մտավորականները չեն սատարում, մասնագիտական բոլոր շրջանակները հրաժարական են պահանջում դեռ նոյեմբերի 9-ից, հոգևոր դասը չի սատարում, գործարարները չեն սատարում։ Անգամ ՔՊ-ական դեպուտատների մի մասը, ըստ օդում կախված լուրերի, մնացել է Փաշինյանի կողքին կոմպրոմատների արդյունքում։ Դուք տեսե՞լ եք փողոցում Նիկոլ Փաշինյանի թիմից որևէ մեկի, անգամ էն 10 ախռանիկով ման եկող օլիգարխն այլևս չի երևում։ Դուք զորքերով շրջապատված չեք կարող կռավարել։
Կարճ ասած՝ Հայաստանում բոլոր շերտերում միակ պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Նա մնալու տարբերակ չունի։ Կարող է մի քիչ էլ ձգձգել, բայց մնալ չի կարող։ Պետք է տեղի ունենա խաղաղ ու անցնցում իշխանափոխություն
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը