23 04 2022

Ցավոք, 2018 թ․ ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է․ Սերժ Սարգսյան



«Ցավոք, 2018 թ․ ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է»,-այս մասին Հանրապետության հրապարակում լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ զգացողություն  ունի հիմա, և ինչ զգացողություն ուներ 2018 թվականին, երբ ժողովուրդն իր հրաժարականի համար ցնծում էր։

«Իհարկե կցանկանայի որպեսզի այսօր էլ մեր ժողովուրդը նույն կերպ   ցնծար Հրապարակում, բայց ցավոք  2018 թվին ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է ՝ կրկնապատկված ու  եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար և այս առումով ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018 թվականի այսօրը»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չի փոշմանել, որ 2018 թվականին ուժ չի կիրառել, նախագահը նշեց․

« Ես չեմ փոշմանել, բայց եթե ես կարողնայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե, 2018 թվականին այլ կերպ կգործեի, չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել, այսօր էլ նույն ժողովուրդը  նույն պահանջատիրությամբ պետք է  հանդես գար, ցավոք սրտի այդ այն ժամանակվա ոգևորությունը վերածվել է հիասթափության»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով․ «Ցանկացած պարագայում կանգնելու ենք մեր ժողովրդի, մեր պետության կողքին»։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նախկինների ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի նշաձողը իջեցնելու պահանջ է եղել, Ձեր նախագահության ժամանակ այդպիսի պահանջ Ձեր առջև դրվե՞լ է, նա պատասխանեց. «Ո՛չ: Ի՞նչ է նշանակում դա: Ես կարծում եմ՝ այդպիսի հարցերին ոտի վրա պատասխանելն այդքան էլ հարիր չէ, բայց այդուհանդերձ, Ադրբեջանն էլ չէր ուզում 88-ից սկսած ընդհանրապես որևէ նշաձողի մասին խոսել, արդյո՞ք դա ինչ-որ այնպիսի մի փաստ է, որը մեզ պետք է ստիպեր հրաժարվել մեր նպատակներից, իհարկե, ո՛չ: Բոլոր այդ փաստաթղթերը կան, դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից՝ թող հրապարակի, թե 2019թ. իրեն ինչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար ո՞րն է նշաձողը»:

Մանրամասն՝ տեսնյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ