23 03 2022

Պետք է սովոր լինենք գազատարը փակ վիճակում նաև ապրել․ Անդրանիկ Քոչարյան

Պետք է սովոր լինենք գազատարը փակ վիճակում նաև ապրել․ Անդրանիկ Քոչարյան

Մենք պետք է սովոր լինենք նաև գազատարը փակ վիճակում ապրել, որպեսզի Ադրբեջանը դա չդարձնի Հայաստանի վրա ճնշումների գործիք, այս մասին 1in.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Եւ դրա համար մենք պետք է միակամ լինենք այս հարցերի մեջ։ Տեսեք, երբ գերիների հարցը շահարկվում էր, և դրանով անմիջապես ներքին լարվածության միջավայր էր ստեղծվում ընդդիմության կողմից, անընդհատ իրենք գերիների լարվածությունը բերում, փոխանցում էին ներքաղաքական մեր կյանք։ Երբ որ այդ խնդիրը, ի պատիվ նաև գերիների հարազատների, նրանք սառեցրին այդ շահարկումները, սկսվեցին նաև գերիների հանձնման պրոցեսները՝ օգտագործելով արդեն խաղաղարար երկխոսության գործիքները։ Եվ դա դարձավ իրականություն։ Ըստ էության, դա պետք է լինի շարունակական, և որպեսզի նա դա չդարձնի Հայաստանի վրա ճնշումների գործիք՝ գազատարը փակելը,բացելը, մենք պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում նաև ապրել»,- ասել է նա։

Հարցին, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի Արցախը և Հայաստանը շարունակ չբախվեն այս խնդրին, Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ այդ գործիքակազմից մեկը նաև միջազգային ճնշումներն են, սակայն միայն ճնշումները բավարար չեն։

«Վերջին հաշվով պետք է նաև կարողանալ հակառակորդին համոզել, որ գազատարը պայթեցնելով չի մոտեցնում այն հիմնարար խնդիրների լուծմանը, որ կոչվում է խաղաղության բանաձև։ Եվ դրա համար պետք է խոսել, բոլոր մակարդակներով, նաև միջնորդների միջամտությամբ, նաև հրադադարի ռեժիմը պահող մեր ռազմավարական գործընկերոջ հնարավորությունների սահմաններում»,– ասել է նա։

Անդրանիկ Քոչարյանը նաև ասել է, որ գազատարը պայթեցնելը նորույթ չէ և հիշեցրել է, որ այդպես է եղել նաև 90-ականներին։ «Մի մոռացեք, որ 90-ականներին գազատարը պայթեցվում էր Վրաստանի տարածքում գրեթե շաբաթը երեք անգամ։ Վերանորոգում էինք, հետո էլի էին պայթեցնում, հետո ինչ–որ գործողություններ իրականացրեց հայկական կողմը, հետո հասկացան, որ գազատար պայթեցնելը որևէ հեռանկար չի ապահովում»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ