22 03 2022

Թումանյան համայնքի ավագանու 25-ամյա անդամը, ում վրա երեկ կրակել էին, մահացել է

Թումանյան համայնքի ավագանու 25-ամյա անդամը, ում վրա երեկ կրակել էին, մահացել է

Մարտի 20-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «աջ զսպափոսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Էդգար Մելիքսեթյանը: Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Լորուտ գյուղում:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 20-ին Լորուտ գյուղի տներից մեկում վիճաբանություն է եղել 24-ամյա երիտասարդի և 18-ամյա համագյուղացու միջև, ինչի մասին 18-ամյա լորուտցին հայտնել է հորը, նա էլ վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում հրազենից կրակել է 24-ամյա երիտասարդի որովայնի ուղղությամբ՝ պատճառելով նշված վնասվածքը:

Վիրահատության ընթացքում երիտասարդի որովայնի շրջանում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ: Մարտի 21-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ 42-ամյա լորուտցին և նրա 18-ամյա որդին մեղայականով ներկայացել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ 42-ամյա տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիքը՝ իր անվամբ հաշվառված 5,45 մմ տրամաչափի ակոսափող որսորդական հրացանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ սխանված Էդգար Մելիքսեթյանը  «Հանրապետություն» կուսակցության անդամ էր:

Այս առնչությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը Facebook-ի իր էջում գրել է. «Խոր ցավով տեղեկացանք Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վաղաժամ մահվան մասին:

«Հանրապետություն» կուսակցությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Էդգարի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ