30 07 2020

Կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալները կվճարի պետությունը



Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում սահմանեց ՀՀ-ում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները:

Որոշման մեջ նշվում է, որ այդ վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2020 թվականի համար յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար՝ 144 հազար դրամ է:

Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով նշեց, որ այս որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» ՀՀ օրենքից և նպատակ ունի մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը:

ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ: Այս գումարը կանխիկացնելն ու այլ նպատակով օգտագործելն արգելվում է:

Բաթոյանը նշեց, որ հաշվարկներն արվել են վերջին երկու տարվա վարձավճարների գումարը հաշվի առնելով, ըստ որի վարձավճարը ամսական կազմել է 12 հազար դրամ, հետեւաբար տարվա համար 144 հազարը բավարար է ամբողջությամբ վարձավճարները փոխհատուցելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ