Կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ կորցրել են աշխատանքը: Հայաստանում ևս այս խնդիրը սոցիալական մեծ հարցեր է առաջ բերել: Կառավարությունը աջակցման տարբեր ծրագրերով իրագործեց, բայց աշխատանքը կորցրածներին այդպես էլ չկարողացավ տեղորոշել: Բացի այդ, մինչև հիմա նույնիսկ չեն կողմնորոշվում, թե կոնկրետ քանի մարդ է կորցրել աշխատանքը:
Այսպես, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ 2020 թվականի ապրիլին Հայաստանում գրանցված աշխատողների թիվը կրճատվել է 74 359-ով: Մասնավորապես, ըստ ՊԵԿ-ի՝ 2020 թվականի հունվարին գրանցված աշխատողների քանակը, որոնք աշխատավարձ են ստացել և եկամտային հարկ վճարել, կազմել է 604 740, փետրվարին՝ 619 001, մարտին՝ 621 544, ապրիլին՝ 547 185:
Այսպիսով, ապրիլին, մարտի համեմատ, գրանցված աշխատավարձ ստացողների թիվը կրճատվել է 74 359-ով կամ մոտ 12%-ով։
Նշենք, որ հունիսի 3-ին մամուլի ասուլիսի ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը անդրադառնալով հարցին ասել էր.
«Աշխատողներին աշխատանքից ազատելու առումով այդքան էլ վատ պատկեր չունենք։ 4 ամսվա տվյալներով` ընդամենը 12.000 աշխատող է ազատվել աշխատանքից, այսինքն աշխատատեղերի քանակն այդքանով պակասել է: Շատ ավելի մեծ տոկոս է կազմում այն աշխատողների թիվը, որոնք կան, բայց փաստացի աշխատավարձ չեն ստացել»։
Սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ Հայաստանի աշխատաշուկայում դեռևս կան բազմաթիվ աշխատողներ, նրանց մի մասը՝ օրավարձով, որ գրանցված չեն։ Նրանց աշխատանքի ու վարձատրության մասին տեղեկությունները չեն արտացոլվում պաշտոնական վիճակագրության մեջ։ Հետևաբար, չի երևում, թե նրանց որ մասն է կորոնավիրուսի տարածումից հետո զրկվել աշխատանքից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը