08 08 2019

Թվայնացրել է շուրջ 270 հազար աշխատանքային գրքույկ

Թվայնացրել է շուրջ 270 հազար աշխատանքային գրքույկ

Սոցիալական ապահովության ծառայությունը աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է․ 

«Հարգելի քաղաքացիներ,

ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի մեկնարկը տրվեց 2017 թվականից, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքներն ավարտելու ժամկետով: Սահմանված կարգի համաձայն՝ գործընկերային հիմունքներով, Ծառայության և գործատուների միջև համաձայնեցված ժամանակացույցերով աշխատանքային գրքույկները հավաքագրվեցին ըստ աշխատողների թվաքանակի նվազման՝ սկզբում առավել շատ աշխատող ունեցող գործատուներ, ապա մինչև չաշխատող ֆիզիկական անձ սկզբունքով:

Հիմք ընդունելով վերոնշյալ որոշման դրույթները՝ այն է աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացնել գործատուների հետ փոխհամաձայնեցված ժամկետներում (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու), Ծառայությունը հավաքագրել և թվայնացրել է շուրջ 270000 աշխատանքային գրքույկ:

Նկատի ունենալով, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար,   Սոցիալական ապահովության ծառայությունը՝ ի դեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,  հանդես եկավ նախաձեռնությամբ՝ գրքույկների թվայնացման գործընթացը մեկ տարով՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու համար:

Այսպիսով, Ծառայությունը կրկին հիշեցնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 627-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 2019թ. դեկտեմբեր ամիս: Այս մասին Ծառայությունը էլեկտրոնային նամակներով և իրազեկման տարբեր աղբյուրներով, պարբերաբար տեղեկացնում է դեռևս չթվայնացված գրքույկները Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու մասին:

Գրքույկները թվայնացման ներկայացնելու սահմանված ժամկետի վերջում ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով Ծառայությունը գործատուներին և քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է, փոխադարձ համագործակցության շրջանակներում, չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:

Ծառայության տարածքային բաժինների պատասխանատուների տվյալները տեղադրված են Ծառայության պաշտոնական կայքում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ