22 03 2019

ԱԺ մաքրուհիների աշխատավարձը 40 000 դրամ են դարձրել

ԱԺ մաքրուհիների աշխատավարձը 40 000 դրամ են դարձրել

Ազգային ժողովի մաքրուհիները մարտի 22-ին բողոքել են իրենց աշխատավարձերը կրճատելու դեմ։ Նրանք հայտնել են, որ ապրիլի 1–ից դուրս կգան աշխատանքից։

ԱԺ 64 մաքրուհիներին տեղեկացրել են, որ իրենց աշխատավարձերը 67 000-ից կրճատվել են՝ հասնելով 40 000-ի, քանի որ աշխատում են շաբաթական 5 օր՝ առավոտյան ժամը 7–ից 10–ը։

«40 հազար դրամ տան իրանց, կաշխատե՞ն, դա իրենց մի օրվա փողն է»,– նշեց բողոքող մաքրուհիներից մեկը։

«1998 թվականից աշխատում եմ, ոչ մի իշխանության օրոք այսպիսի արհամարհական վերաբերմունքի չենք արժանացել։ Մենք էսպիսի Հայաստան չէինք ուզում»,- ասաց մեկ այլ մաքրուհի։

Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության նախկին պետ Արսեն Բաբայանը ֆեյսբքուքյան իր էջում անդրադարձել է խնդրին։

«ԱԺ-ի մաքրուհիների հետ կապված խնդրի առնչությամբ տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի մեր ղեկավարման ժամանակ կնքված պայմանագրի համաձայն Կատարող ընկերության վրա դրվել է պարտավորություն, որ վերջինս պետք է ԱԺ մաքրուհիներին (60 հոգի) ընդունի աշխատանքի նույն պայմաններով և վճարի առնվազն 105․000 ՀՀ դրամ աշխատավարձ:

Նշված 105.000 ՀՀ դրամ աշխատավարձը, որն ըստ պայմանագրի՝ Կատարողը պարտավոր է ապահովել, շուրջ 20 տոկոսով ավելին է, քան այս պահին ստանում են մաքրուհիները:

Այսինքն՝ մեր կողմից կնքված պայմանագրով մենք բարելավել ենք մաքրուհիների սոցիալական վիճակը:

Եթե ճիշտ են մաքրուհիների պնդումներն այն մասին, որ իրենց պատրատսվում են վճարել 40.000 ՀՀ դրամ աշխատավարձ, ապա ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարությունը պետք է պաշտպանի իր աշխատողների շահերը և Կատարող ընկերության նկատմամբ կիրառի անհրաժեշտ հետևանքներ»:

ՀՀ Ազգային ժողովը պարզաբանում է տարածել՝ կապված ԱԺ-ի մաքրուհիների խնդրի հետ:

«Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ԱԺ նախկին աշխատակազմի  ու «Քլիներս» ՍՊԸ-ի կողմից կնքվել է պայմանագիր, ըստ որի` Կատարող ընկերությունը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը: Ազգային ժողովում աշխատում է 63 մաքրուհի, որից 40-ը`օրական 2 ժամ՝ 07:00-ից 09։00-ն՝ ստանալով 89950 դրամ աշխատավարձ: 23 մաքրուհի՝ 09:00-ից 18:00-ն՝ նույնաչափ աշխատավարձով: Մաքրուհիների ներկայիս պայմանագրերը լրանում է սույն թվականի մարտի 31-ին, որի մասին նրանք փետրվարի 19-ին պատշաճ ծանուցվել են, ինչպես նաև մասնավոր կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ։ «Քլիներս» ՍՊԸ-ն պարտավորվել է մաքրուհիներին վերցնել աշխատանքի եւ գործուղել Ազգային ժողով` ամսեկան դրույքաչափ սահմանելով 105,000 դրամ:

Հաշվի առնելով, որ մաքրուհիների մեծ մասն աշխատում է օրական 2-3 ժամ` նշյալ ընկերությունը նրանց Ազգային ժողով կգործուղի կես դրույք աշխատավարձով։ Վերոնշյալ կազմակերպությունը` ԱԺ աշխատակազմի հետ համաձայնեցված, առաջարկում է օրվա մնացած ժամերին մաքրուհիներին ապահովել աշխատանքով այլ ընկերություններում, որի հետևանքով նրանց ամսեկան աշխատավարձը կարող է կազմել ավելին, քան այժմ է : «Քլիներս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրն Ազգային Ժողովի աշխատակազմը համարում է ավելի օպտիմալ տարբերակ թե պետական բյուջեի ծախսերի կրճատման, թե կառավարչական ռեսուրսի խնայման առումով»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ