22 10 2018

Թանդիլյանը կհանդիպի նորածիններից հրաժարված մոր հետ

Թանդիլյանը կհանդիպի նորածիններից հրաժարված մոր հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այցելել է Գյումրու «Երեխաների տուն»՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբված երկվորյակ եղբայրների հետ կապված խնդրին ծանոթանալու:

Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մայրը հրաժարվել է երեխաներից, բայց դեռ քննարկման հնարավորություն կա: «Յուրաքանչյուր քայլ բխելու է ծնողի և երեխայի շահերից։ Ես դեռ չեմ հանդիպել երեխաների մորը, բայց ամեն ինչ կանեմ, որ նրանք մեծանան մոր հետ։ Ես այդպիսի նպատակ ունեմ, վստահ չեմ, որ հնարավոր կլինի, կտեսնենք՝ ինչպիսի հնարավորություններ կան։ Սոցիալական խնդիրների պատճառով երեխաներին մանկատուն հանձնելու պրակտիկան պետք է վերանա»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարն նկատում է, որ այստեղ պետության կառավարման մեխանիզմների բաց կա: Ըստ նրա՝ սոցիալապես անապահով իրավիճակը շատ հաճախ հասցնում է այդպիսի քայլերի:

«Չպետք է լինի իրավիճակ, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ մեր քաղաքացիները, ծնողները նման որոշումներ ընդունեն։ Կառավարության որդեգրած ճանապարհը հենց դա է, որ քաղաքացու սոցիալական իրավիճակը և կացությունն այնպիսի լինի, որ դա որևէ դեպքում չհանդիսանա պատճառ հրաժարվելու երեխաներից»,- նշեց Մանե Թանդիլյանը:

 Թանդիլյանը հայտնեց նաև, որ պատրաստվում է հանդիպել երեխաների մոր հետ:

«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ծնողն իմանա, որ երեխան պաշտպանված է լինելու։ Թե ինչպես և ինչ միջոցներով, դեռ քննարկման առարկա է: Չեմ ուզում մանրամասնել, բայց դա չպետք է լինի այն պայմանը, որով մայրը ուզենա իր երեխայի հետ ապրել։ Ես վստահ եմ, որ եթե այս երեխաները լույս աշխարհ են եկել, ուրեմն ծնողն ունի մայրական զգացմունքներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ