28 04 2018

1700 ծնող մեկնել է Սահմանամերձ գոտիներում ծառայող որդուն տեսակցության

1700 ծնող մեկնել է Սահմանամերձ գոտիներում ծառայող որդուն տեսակցության

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Արդեն տասներորդ անգամն է, որ կազմակերպում ենք երևանաբնակ զինածառայողների ծնողների այցերը սահմանամերձ զորամասեր, ինչն իսկապես սպասված ծրագիր է դարձել բոլորի կողմից: Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ավանդական այս ծրագրի շրջանակում 2013 թվականից մինչ օրս ավելի քան 10000 ծնող հնարավորություն է ունեցել այցելելու զինծառայող որդիներին և տեղերում ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին: Այս անգամ զորամասեր կայցելի շուրջ 1700 ծնող: Մեկ անգամ ևս ուզում եմ վստահեցնել, որ մեր այս ծրագիրը լինելու է շարունակական և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր զինվորները համոզված լինեն, որ իրենք և իրենց ծնողները մշտապես պետության և համայնքի հատուկ ուշադրության կենտրոնում են», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին, առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն անչափ կարևոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ ու քաջ են դառնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ