Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք բազմաբնակարան բնակելի շենքային համալիրի հիմնարկեքին: Այս մասին հայտնումէ նախագահի լրատվականը:
Հանդիսավոր միջոցառման շրջանակներում կազմակերպված մշակութային ծրագիրը դիտելուց հետո Հանրապետության Նախագահը ծանոթացել է «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք շենքային համալիրի շինարարական նախագծերին և ծրագրի մանրամասներին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային այս համալիրում նախատեսվում է կառուցել 210 բնակարան, որը շուկայականից ցածր գներով հատկացվելու է երիտասարդ մասնագետներին: Համալիրը բաղկացած է լինելու 3 մասնաշենքերից և ունենալու է 15 հարկ: Առաջին հարկում կառուցվելու են հասարակական նշանակության տարածքներ։
Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, անցկացվելու է արտաքին լուսավորություն։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4 միլիարդ 7 միլիոն դրամ։ «Զեյթուն 3»-ի շահառուների հիմնական թիրախային խմբում են բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներն ու ԳԱԱ գիտաշխատողները:
Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցել է մայրաքաղաքի Պ. Սևակի փողոցում վերոնշյալ ծրագրով կառուցված «Զեյթուն 2» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի պաշտոնական բացմանը, որի ժամանակ ԵՊՀ շրջանավարտների միավորումը ամփոփել է Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին սոցիալական բնակարանաշինության ծրագրի 10-ամյա գործունեությունը: Պատասխանատուների ներկայացմամբ՝ բոլոր ընթացիկ և առաջիկա ծրագրերով նախատեսված բնակարանների թիվը՝ 3302 է, կառուցապատումների ընդհանուր արժեքը՝ շուրջ 100 մլրդ դրամ: Արդեն իսկ կառուցված և ընթացքի մեջ գտնվող բնակարանների թիվը՝ 2012 է, իսկ կառուցման արժեքը՝ շուրջ 43.25 մլրդ դրամ:
Հանրապետության Նախագահը շրջել է նորաբաց շենքային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակարանային պայմաններին, մասնակցել շահառու՝ երիտասարդ ընտանիքներից մեկի բնակարանամուտին:
«Զեյթուն 2»-ի շահառուների թիրախային խմբում ընդգրկվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ գիտաշխատողներ և դասախոսներ, երիտասարդ բժիշկներ, արվեստագետներ, գիտնականներ, լրագրողներ և մանկավարժներ, ՀՀ բանկերում, վարկային կազմակերպություններում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններում, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպություններում աշխատող մասնագետներ, պետական և համայնքային ծառայողներ:
Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ այս համալիրն ունի 134 բնակարան: Համալիրի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է և ասֆալտապատվել, արմատապես նորացվել են կոմունիկացիոն համակարգերը:
Միջոցառման շրջանակներում Նախագահին ներկայացվել է նաև նոր կառուցվելիք մեկ այլ՝ «Վերածնունդ» բնակելի երիտասարդական ավանի նախագիծը, որը կմեկնարկի 2018թ. մայիսին և կավարտվի 2021թ. սեպտեմբերին: Կկառուցվի 1080 բնակարան:
Նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաև «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից «Զեյթուն 1, 2 և 3» ծրագրերի բազմաբնակարան համալիրների երիտասարդ ընտանիքների ակտիվ հանգիստը և ժամանցը կազմակերպելու նպատակով կառուցվող «ԻնՍպորտ» մարզահամալիրի շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզահամալիրի կառուցապատման ընդհանուր արժեքը կազմում է 1.72 մլրդ ՀՀ դրամ, բացումը նախատեսվում է իրականացնել 2018թ. սեպտեմբերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը