06 03 2018

Օմբուդսմենի գրասենյակը պահանջներ է առաջադրել Առողջապահության նախարարությանը

Օմբուդսմենի գրասենյակը պահանջներ է առաջադրել Առողջապահության նախարարությանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են Պաշտպանին հասեցագրված բողոքները, մասնագետների կարծիքները, լրատվամիջոցների հրապարակումները, ինչպես նաև Առողջապահության նախարարության հրապարակային պարզաբանումները: Այս մասին հայտնում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է դեղերի բաց թողնման, դրանց շրջանառության ոլորտն իրավական կարգավորման ենթարկելու, արդյունավետ վերահսկողութան մեխանիզմների կարևորությունը բնակչության առողջության պաշտպանության համար:

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ բնակչության շրջանում բավարար իրազեկման աշխատանքներ չեն իրականացվել: Չփարատված են մնում ոլորտի մասնագետների մտահոգություններն այն մասին, որ երկրի առողջապահական համակարգը պատրաստ չէ այս լուծմանը, քանի որ չեն ստեղծվել անհրաժեշտ նախադրյալներ: Հարցն առավելապես տարվում է դրվագային լուծումների ճանապարհով:

Նախարարությունը պետք է հատկապես պարզաբանի մասնագետների մտահոգություններն այն մասին, որ տարվող քաղաքականության հետևանքով անարդարացի ծանրաբեռնվելու են բժիշկները, ինչն էլ ուղղակիորեն ազդելու է բնակչությանը մատուցվող բժշկակական ծառայությունների որակի վրա:

Մարդու իրավունքների պաշտպանին արդեն իսկ հասցեագրվում են բողոքներ այն մասին, որ հիվանդանոցներն ապահովված չեն բավարար քանակի դեղատոմսերով: Ըստ բողոքների՝ պոլիկլինիկաները հիվանդանոցի հետազոտման արդյունքները հիմք չեն ընդունում դեղատոմս տրամադրելու համար՝ պահանջելով նույն հետազոտությունն անցնել նաև պոլիկլինիկայում:

Առողջապահության նախարարության նման գործելաոճը հանգեցրել է հանրության շրջանում շփոթության և մտահոգությունների՝ մասնագետների շրջանում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ դեղերը դեղատոմսով բաց թողնման հարցի առնչությամբ:

Նախարարությանն առաջադրվել են հարցեր՝ կապված մասնագետների մտահոգությունների հետ, ինչպես նաև պահանջներ՝ կապված հանրային իրազեկման աշխատանքների հետ»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում ններառված է որոշումը մասամբ չեղարկելու հարցը:

Թեմայի մասին մեր անդրադարձը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ