Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը՝ աբողջությամբ․
Սիրելի հայրենակիցնե՛ր
Առավելապես խոսելում եմ մեր երկրում խորացող սոցիալական ճգնաժամի, աճող աղքատության, հանրային կյանքի որակի շարունակական նվազման հիմնապատճառներից, անշուշտ նաև առանց նիկոլ Հայաստանում ներկա սոցիալական ճգնաժամը հաղթահարելու իրական հնարավորությունների մասին։
Նախ՝ կարևոր որոշ հաստատումներ․
Օրվա իշխանությունն անդառնալիորեն խզվել է իրականությունից։
Մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պաճառներն են՝
Այս ընթացքում յուրաքանչյուր օր ականատեսն ենք եղել սեփական ստորաքարշ իշխանությունն ամեն գնով պահելու այդ դրսևորումներին։
ԵՎ դրա բանաձևը նույնն է։ Այն է, ինչով եկան իշխանության․
«ականջահաճո խոստումներ՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով, բացարձակ անպատասխանատու առաջնորդություն՝ համատարած ձախողումներով, կեղծ արդարացումներ՝ ավելի մեծ ստերով և իրավիճակի խեղաթուրումներով, ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահ՝ ազգային և հանրային շահի ստորադասմամբ»։
Հիմա՝ բերեմ ասածս հիմնավորող, խոսուն փաստեր և թվեր․
2021 թվականին ամեն գնով իրենց իշխանությունը երկարաձգելու համար նորից խոստացան՝ բոլորին և ամեն ինչ։ Իսկ իրական փաստերը տրամագծորեն հակառակ պատկերն են ուրվագծում։
Մեր տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը հիմնական մակրոցուցանիշներով՝ ՀՆԱ, ներդրումներ, արտահանում, սպառման ծավալներ, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն։
Մյուսը կողմից, աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, իսկ նրանց շուրջ կեսը ստանում է մինչև 79000 դրամ աշխատավարձ՝ առանց հարկերի։ Այսինքն՝ աշխատում են, բայց աղքատ են կամ ծայրահեղ աղքատ են։
Միջին աշխատավարձն առանց հարկերի կազմում է շուրջ 150000 դրամ։ Այսինքն՝ միջին աշխատավարձ ստացողներն էլ չափավոր աղքատ են, քանի որ այն չի բավարարում նույնիսիկ երկու անդամից բաղկացած ընտանիքի նվազագույն կենսամակարդակը։
Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2020 թվականի 1-ին եռամսյակում կազմել է 61000 դրամ, իսկ 2022 թվականի 1-ին եռամսյակում՝ 76300 դրամ, աճը՝ 25 տոկոս։ Դրան էլ գումարենք այս տարվա ապրիլ-մայիսին արձանագրված միջին գնաճը՝ 2,5 տոկոս։ Եվ նվազագույն զամբյուղի արժեքը դառնում է 78200 դրամ։
Այսինքն՝ 2020 թվականի հունվարից հետո չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը, սակայն մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ զամբյուղի ամսական արժեքն աճել է 28,2 տոկոսով կամ 17200 դրամով։ Չորս հոգանոց ընտանիքի համար կյանքը թանկացել է 68000 դրամով՝ մեկ նվազագույն աշխատավարձի չափով։
Ավելին՝ գնաճի տեմպերն ահագնանում են։ 2022 թվականի մայիսին աննախադեպ աճել են սննդամթերքի գները։ Բերեմ օրինակներ․ առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը թանկացել է՝ 23 տոկոսով, բանջարեղենը՝ 51 տոկոսով, մակարոնեղենը՝ 28 տոկոսով, կարտոֆիլը և կաղամբը՝ կրկնակի։ Ազգային արժույթի գերարժևորման պայմաններում ներմուծվող բենզինը և դիզելային վառելիքը էժանանալու փոխարեն՝ թանկացել են համապատասխանաբար շուրջ 25 և 50 տոկոսներով։
Գումարենք նաև՝ այս տարվա հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացումը՝ 11 տոկոսով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնինը՝ միջինը շուրջ 6 տոկոսով, ապրիլի 1-ից բնական գազի սակագնինը՝ 3,5-4 տոկոսով։
Ամփոփելով՝ եկան իշխանության Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, չորս տարի անց աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին, իսկ քաղաքացիների առնվազն կեսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքն՝ չափավոր աղքատ է։
Հաջորդը՝ խոստանում էին տնտեսական հեղափոխություն, երկնիշ աճ, սակայն նախորդ չորս տարիներին մեր երկրի ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։
Այս ընթացքում երկնիշ աճել է պետական պարտքի ցուցանիշը։ Պետական պարտքը այս իշխանությունների օրոք աճել է շուրջ 2,6 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ տարեկան միջինը 10 տոկոսով և կազմում է մոտ 9,5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին ավելացրել են շուրջ 1000 ԱՄՆ դոլարի չափով պարտքի բեռ։
Ամփոփ պատկերը հետևյալն է․
«պետական քաղաքականության հետևողական ձախողումներ՝ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն, տնտեսության ֆինանսականից մինչև իրական հատված, փոքր և միջին բիզնեսից մինչև ներդրումային ծրագրեր, պետության ծախսերի համար պետական պարտքի բեռի շարունակական ավելացում և ապագա զարգացման ներուժի թալան, զուգահեռաբար՝ պարտքով պետական գնումներ (իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ, իրենց շրջապատին ասֆալտի մեծածավալ պատվերներ, դրանից ստացվող գերշահույթներով էլ իրենց կյանքի որակի թռիչքաձև բարելավում, իսկ հանրության համար՝ ավելի մեծ սուտ խոստումներ»։
Մոտ է օրը, երբ այս իշխանությունների կողմից անսահման ստի բեմականացման հերթական փորձը դառնալու է վերջինը։
Սիրելի հայրենակիցնե՛ր
Չկա այլընտրանք․ մեր ԱԶԳԻ հինգ հազար տարվա պատմությունը շարունակվելու է։ Այն հավերժ է և չի ավարտվելու այս վտանգաշատ հանգրվանում։
Դիմադրության շարժումը հաղթելու է։ Եվ սա է նաև այն բանալին, որով նոր դուռ կբացվի դեպի ԽԱՂԱՂ և ԿԱՅՈՒՆ զարգացում, սեփական հայրենիքում անվտանգ ու ամեն հաջորդ օրն ավելի լավ ապրելու իրականություն։
Հայ մարդն ունի հարատևման և բարեկեցիկ ապրելու բավարար ներուժ։ Հայաստանում կա լիարժեք հնարավորություն կայուն զարգանալու համար՝ առանց հայրենիքը զիջելու։
Մյուս կողմից՝ տնտեսության զարգացումը ինքնաբերաբար չի կարող լուծել սոցիալական այս ահագնացող խնդիրները։
Ուստի, տնտեսական աճը պետք է լինի ներառական և ծառայի՝ որպես նյութական բավարար հիմք հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և ազատ ապրելու համար։
Հանրային կյանքից իսպառ բացառվելու են անարդարությունը, ատելությունը, պառակտումը, առկա արատավոր մյուս երևույթները։
Եվ հենց դրա համար է, որ պետության դերն ու մասնակցությունը պետք է դառնան առանցքային, գրագետ, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր և անպատասխանատու։
Ես հավատում եմ մեր տեսակի՝ ՀԱՅ մարդու ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, իմաստնությանը, հավաքական ուժին, հարատևման համար բավարար ներուժին, պայքարի ոգուն և նոր արշալույսին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը