Ադրբեջանը կրակոցներով փորձում է ահաբեկել Արցախի բնակչությանը։ Ռուս խաղաղապահներն այնտեղ են, և ռիսկերն այդպիսով, իհարկե, զգալի չափով նվազեցվում են։
Այնուամենայնիվ, Ադրբեջանը բարձրախոսերով սահմանային հայկական գյուղերում՝ Խրամորթ, Նորշեն, Թաղավարդ և այլն, փորձում է խուճապ և տագնապ առաջացնել մարդկանց մոտ՝ թողե´ք գնացեք։ Ռուս խաղաղապահի ԲՏՌ-ը այստեղ քիչ դերակատարում ունի, այստեղ խոսքը գնում է հոգեբանական ճնշման մասին։ Մեկ-երկու-տաս՝ մարդիկ ունեն ընտանիքներ, երեխաներ, ծնողներ, սկսելու են ամեն անգամվա հետ է´լ ավելի մտածել հեռանալու մասին։ Անհնար է միշտ ապրել նման պայմաններում։
Ադրբեջանցու բարձրախոսով ոռնոցին պետք է հակակշիռ։ Դա պետք է լինի ոչ Երևանից ճլորած հայացքով խաղաղության մուրումը, ոչ էլ՝ չհիմնավորված պահանջատիրությունը։ Պետք է մշակվի լուրջ ծրագիր՝ Արցախը հայկական պահելու, Արցախի բնականոն կյանքը հնարավորինս կարգավորելու նպատակով։
Այստեղ էլ կա պարզաբանման կարիք. դա մեկ տուն, հարյուր տուն կառուցելով չէ, ասֆալտով կամ միանգամյա օգնությամբ չէ։ Իհարկե, տունը կարևոր է, բայց այն չի լուծելու գլոբալ խնդիրը՝ Արցախի հայաթափության կասեցման և Արցախի բնականոն զարգացման։
Այս խնդիրը հայկական նոր օրակարգի առանցքային հարցերից է։ Սա չունի երկիմաստություն՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Եթե այդպես մտածեցինք, վարանեցինք, ուրեմն տապալելու ենք ամեն ինչ։ Ուրեմն՝ մենք պետություն չենք ունենալու։
Բարձրախոսով հնչող ադրբեջանցու ձայնը, ցավոք ազդեցիկ է և ուժեղ է հնչում, որովհետև 680 հազար հայ ընտրող նրան տվել է այդ իրավունքը։
Ի դեպ, երբ ադրբեջանցու կողմից հնչում են Խրամորթը կամ Նորշենը լքելու կոչերը, այդ ձայնն ուղիղ իմաստով վերաբերում է Երևանին։ Եվ Երևանում նստած ցանկացած մարդ պետք է հասկանա, որ իրեն են ասում՝ լքի´ր քո երկիրը, որ ադրբեջանցին «խոսում է» երևանցու հետ։
Այսօրվա համաշխարհային առճակատման պայմաններում մենք պետք է առավելագույնս սառը և հստակ կարողանանք ձևակերպել մեր խնդիրները և լուծել դրանք։
Խնդիրը հստակ է. Արցախի հայաթափության կասեցում և Արցախում բնականոն կյանքի հաստատում։
Մեր խնդիրները ձևակերպելիս՝ մենք պետք է լինենք արտաքին աշխարհի համար հասկանալի, պետք է դրանք ձևակերպենք 21-րդ դարի բառապաշարով և լինենք հետևողական՝ դրանց լուծման ճանապարհին։
«Արցախի հումանիտար վիճակի» խնդիրն այն ձևակերպումն է, որը թույլ կտա՝ դառնալ լսելի։ Եվրոպական և այլ միջազգային կառուցներում Արցախի հումանիտար աջակցության և արցախցու բնականոն կյանքի ապահովման մշտական հարցադրումը տալու է իր արդյունքը։
Ռուսաստան-Արևմուտք այսօրվա սուր հակամարտության պայմաններում ճակատագրական սխալ կարող է լինել, եթե Արցախը աշխարհի համար ընկալվի որպես ռուս խաղաղապահներով պահվող սև խոռոչ։
Մենք պետք է անենք ամեն ինչ՝ Արցախում խաղաղ կյանքի շեշտակի կարևորման համար.
Արցախը միջազգային հանրության համար պետք է լինի մի վայր, որտեղ կա կյանք՝ մշակույթ, կրթություն, տնտեսություն, սպասարկման ծառայություններ, նորարարություններ, տուրիզմ, հոգևոր կյանք և այլ, և այլն։
Բարձրախոսով ադրբեջանցու ձայնը, կոպիտ ասած պետք է խլացվի քաղաքակրթության ձայնով։
Ցավոք, Հայաստանի ձայնն այսօր թույլ է։ Հետևաբար՝ մենք պետք է օգտագործենք ողջ հայկական աշխարհի ձայնը (հնարավորությունները)՝ այն բարձրացնելով ու հասցնելով միջազգային հանրության ձայնի մակարդակի։
Եթե մենք չենք անում այս կարևոր գործը, ապա մենք Արցախի պահպանման ողջ բեռը թողնում ենք ռուս խաղաղապահների վրա, ինչը ճիշտ չէ մեր շահերի տեսակետից և այսօրվա պայմաններում էապես դժվարացնելու է Ռուսաստանի գործը։
Առաջարկ
Բոլոր քաղաքական նախասիրությունները մի կողմ թողնելով՝ պետք է մշակվի պայմանական ասած «Խաղաղ Արցախ» ծրագիրը, ինչը ենթադրում է կոնկրետ քայլերի, նպատակների, գործողությունների մի ծրագիր, որն ուղղված է լինելու Արցախում բնականոն կյանքի զարգացմանը։ Սա հումանիտար ծրագիր է, որը չի հակասում հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսությանը և միջնորդների ջանքերին։
«Այլընտրանքային նախագծեր խումբը» իր մշակումները առաջիկայում կներկայացնի Արցախի քաղաքական-հասարակական վերնախավին։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը