11 03 2022

Ալվարդ Պետրոսյանի հասարակական-քաղաքական գործունեությունը ևս անվերջ պայքար էր հանուն ճշմարտության․ Սերժ Սարգսյան

Ալվարդ Պետրոսյանի հասարակական-քաղաքական գործունեությունը ևս անվերջ պայքար էր հանուն ճշմարտության․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․

«Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Ալվարդ Պետրոսյանի մահվան գույժը: Մեզնից հեռացավ ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից մեկը, ով իր ողջ կյանքի ընթացքում երբեք չդավաճանեց ազնիվ ու ճշմարիտ մտավորականի տեսակին, մինչև վերջին պահը ապրեց հարազատ ժողովրդի և պետության հանդեպ անսահման սիրով ու հավատով՝ ցավը սրտում հետևելով իր պաշտելի Հայաստանի ու Արցախի շուրջ վերջին տարիներին տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին:

Ալվարդը իր հետ տարավ մեր ժողովրդի պայքարի, փառապանծ հաղթանակների ու դառը պարտությունների մի ողջ ժամանակաշրջանի անգնահատելի հիշողություններ, որոնք հաճախ դարձել են նրա հրապարակախոսական հոդվածների ու հարցազրույցների թեման:

Ալվարդ Պետրոսյանի հասարակական-քաղաքական գործունեությունը ևս անվերջ պայքար էր հանուն ճշմարտության, գեղեցիկի ու ազնիվի և ընդդեմ արգահատելի, գռեհիկ երևույթների ու դրանց կրողների:

Ժամանակակիցների հիշողության մեջ Ալվարդ Պետրոսյանը կմնա մարդկային բարձր որակներով և առաքինի կեցվածքով արդարամիտ ու շիտակ մտավորական, իսկ ապագա սերունդները նրան կճանաչեն որպես հրաշալի գրող, հայրենիքի հոգսերով մշտապես ապրող հասարակական-քաղաքական գործիչ, իր ժամանակաշրջանի անխոնջ ու անաչառ տարեգիր:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի հարազատներին, մերձավորներին, գրչակիցներին և ընթերցողներին:

Հանգչիր խաղաղությամբ, իմ լավ բարեկամ:

Թող այսուհետ լույսերի մեջ ապրի քո ազնիվ հոգին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ