Այսօր՝ մարտի 7-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը»։
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր․ «ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»:
Նույն օրը Արցախի ՊԲ-ն հայտարարեց, որ արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց՝ «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»։
Այնուհետև ՀՀ ՊՆ-ն հայտարարեց․ մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը մահացել է, մյուս զինծառայողը վիրավոր է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը