Yerkir.am-ը գրում է․ Այսօր բոլորեց 2008 թ․ մարտի 1-ի արյունալի դեպքերի 14-րդ տարին։ Ամենասխալ իրավական գնահատականն էր Նիկոլ Փաշինյանին մասսայական անկարգություների համար դատապարտելը, նրա գործողությունները, իր քաղաքական հոր՝ ծերուկի նախաձեռնությամբ, ուղղված էին պետական հեղաշրջում անելուն, իշխանությունը յուրացնելուն․ Yerkir.am-ի հետ զրույցում ասում է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, որը 2008 թ․-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետն էր, իսկ մինչեւ 2018թ․ օգոստոսը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետի պաշտոնը։
Պետրոսյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվեր պետական իշխանության յուրացման փորձի փաստով, իսկ նրան մեղադրանք առաջադրվեց մասսայական անկարգությունների համար, որից հետո ներվեց:
«Նրա սիրտը փառավորվում էր ոստիկաններին ծեծելու եւ սպանելու համար, նա վանկարկում էր՝ «ազատենք Երեւանը ղարաբաղցի տականքներից»: Մի տականք, որը հայրենիքի, ժողովրդի առաջ գործել է պետական դավաճանություն։ Ինչ հայհոյանքներ կա, արդեն սրանց տրվել է, ինչ դավաճանություն ունեն՝ բացահայտվել է արդեն, էլ տեղ չկա, գործելու ժամանակն է»,-ասաց նա:
Զրուցակիցս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին համարում է հանցագործ, որը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ի գործով դատավճիռը: Պետրոսյանը շեշտում է՝ պատմությունը կեղծվում է ոչ միայն գլխավոր դատախազի, այլեւ գործող դավաճան իշխանությունների անմիջական պատվերով:
«Դատախազը կոնկրետ հանցագործ է՝ բառի բուն իմաստով: Այսքան քաղաքական հետապնդումները, հայհոյանքների համար հարուցված քրեական գործերը, ապօրինի կալանավորումները, որ իրականացվում են մեր հայրենակիցների նկատմամբ, հանցագործություններ են։ Բանը հասել է նրան, որ դատավորին են կալանավորում իր իրավաչափ գործունեության համար»,- նշում է նա:
Արդարադատության գեներալ-մայորն ընդգծում է՝ գլխավոր դատախազն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը, եւ ասել, որ նա, Փաշինյանին արդարացնելով, միայն պատմություն է կեղծում, մեղմ ձեւակերպում է։ «Նա կատարում է հանցագործություն, եւ սա ասում եմ՝ որպես իրավաբան: Այն գործողությունները, որոնք դատախազությունն իրագործում է, քաղաքական իշխանության պատվեր է։ Նիկոլ Փաշինյանը հիմա քինախնդիր վարքագիծ է դրսեւորում բոլորի նկատմամբ, որովհետեւ դեռեւս 2008 թ.-ից նա իշխանությունը յուրացնելու եւ իշխանության գալու ձգտում ուներ։ Այսօր նա վրեժ է լուծում այն անձանցից, ովքեր թույլ չտվեցին՝ նրա հանցավոր գործունեությունը մինչեւ վերջ իրականացվի»,-մեկնաբանում է Թ․ Պետրոսյանը:
Պետրոսյանը ոչ իրավաչափ եւ ապօրինի է գնահատում նաեւ ՀՀ ոստիկանության գործունեությունը։ Նրա խոսքով՝ համակարգն ամբողջությամբ ծառայում է Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքական շրջանակներին:
«Ոստիկանությունը զենքով զուգորդված բազմաթիվ հանցագործություններ է կատարում, որը չի բխում իր կանոնադրական օրենքից։ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ՝ իրականացվում է մեկ գործառույթ՝ հոգեվարքի մեջ ապրող այս իշխանության օրերը մի փոքր երկարացնելու գործառույթը: Դուք տեսա՞ք ոստիկանության լկտիությունը, ցինիզմը հրապարակում, երբ մեր քաղաքացիները ընդվզում էին թուրքերի՝ Հայաստանում գտնվելու դեմ: Նրանք այնպիսի ջանասիրությամբ էինր մեր երիտասարդներին լցնում մեքենաները եւ տանում բաժիններ»,- նշում է նա:
Կառավարական շենքը շուրջօրյա հսկողության տակ վերցրած հարյուրավոր ոստիկանների քթի տակ ինչ-որ խմբավորումներ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց հաջակցություն Ուկրաինայի ցույց էին անում, գեթ մեկ ոստիկան չկար: Թաթուլ Պետրոսյանի մեկնաբանմամբ՝ այս ցույցը քաղաքական իշխանության պատվերն էր, եւ ոստիկանությունը միջամտելու իրավունք չուներ։
Արդարադատության գեներալ-մայորի կարծիքով ՝ Հայաստանում այսօր տարվող հակառուսական քարոզչությունն այս իշխանությունների քաղաքական գծերից մեկն է՝ ամեն ինչ անում են, որ կտրեն ռուս-հայկական համագործակցության եզրերը:
«Այն անձինք, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ գոռում-գոչում էին, որ Ֆրանսիան եւ Ամերիկան զորքեր են ուղարկելու Հայաստան, թող Ուկրաինայի օրինակը տեսնեն: Որեւէ մեկը, որեւէ երկրի համար զորք չի ուղարկի։ Սրանք ամեն ինչ արեցին, որ մեր բանակը կործանեն ու կործանում են մինչեւ այսօր: 4 տարի շարունակ բանակը վարկաբեկեցին, օրը մեջ Գլխավոր շտաբի պետ են փոխել, սա նշանակում է՝ կազմալուծել մեր բանակի ամբողջ ռազմական գործունեությունը, բանակի հիմքերն ավերել: Մինչեւ այսօր անում են դա: Մտածում են, թե հակառուսական քարոզչությամբ Հայաստանը ինչ-որ տեղ են տանելու: Ո՞վ է կանգնած Հայաստանի կողքին, ռուսական բանակից ու ռուսական իշխանություններից բացի»,- նշում է նա:
Արդարադատության գեներալ-մայորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին ծանր դատաստան է սպասվում։ «Փաշինյանին կառափնարան է սպասվում, նա այլեւս հայ կոչվելու իրավունք չունի, նա այս երկրի գլխին այնպիսի արհավիրք բերեց, որ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը վաղը մեզ համար գուցե ավելի փոքր վնաս համարվի, քան այն, ինչ նա արեց այս տարիների ընթացքում: Նա հայ գենոցիդ արեց՝ ոչնչացրեց 5 հազար երեխա, ունենք ավելի քան 12 հազար վիրավոր, հոգեբանական լուրջ խնդիրների միջով անցած 18-20 տարեկան երեխեք: Չէ՞ որ բոլորը պետք է ամուսնանային, գոնե մի քանի երեխա ունենային»,- ասում է Պետրոսյանը:
Երբ ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվի, ո՞րն է լինելու Վլադիմիր Պուտինի քայլը Հայաստանի նկատմամբ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին, որպես դաշնակից երկրի ղեկավարի, Վլադիմիր Պուտինը լուրջ է վերաբերվում, կցանկանա՞ աշխատել նրա հետ:
«Ռուսաստանը երբեւէ Նիկոլ Փաշինյանին չի էլ դիտարկել որպես երկրի ղեկավար եւ միշտ արհամարհանքի է արժանացրել: Պարզապես Ռուսաստանը, լինելով մեր դարավոր բարեկամը եւ ռազմավարական դաշնակիցը, անձի հետ կապված գործողություն չի անում: Նիկոլի պատճառով Հայաստանի նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերի։ Մեկ անձի նկատմամբ չի կարող հակադրություն առաջանալ ազգերի միջեւ: Ռուսաստանին պետք է ամուր հարավային բարեկամ, ի դեմս Նիկոլի՝ նա այդ գործընկերոջը չի տեսնում»,-հարցին ի պատասխան ասում է արդարադատության գեներալ-մայորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը