21 02 2022

Նախագահների նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումներն ապօրինի են ու չունեն որևէ իրավական հիմք. դատախազություն․ Սպուտնիկ Արմենիա

Նախագահների նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումներն ապօրինի են ու չունեն որևէ իրավական հիմք. դատախազություն․ Սպուտնիկ Արմենիա

Հայաստանը պատրաստվում է դիմել միջազգային կառույցներին ու Ինտերպոլին` հետախուզումը դադարեցնելու հարցով, այնպես, ինչպես դա արվել է նախկինում Ադրբեջանի հայտարարած այլ հետախուզումների պարագայում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ադրբեջանական կողմի այսօրվա հայտարարությունը, ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ՀՀ և ԱՀ քաղաքացիների, այդ թվում` ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումներն ապօրինի են ու չունեն որևէ իրավական հիմք։ 
 
«Երբ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ սկսվեցին քրեական հետապնդումների հարուցման ու հետախուզումների մասին հայտարարություններ արվել, մենք ինչպես առաջ, հիմա էլ նշում ենք և մնում այն կարծիքին, որ դրանք ապօրինի են, որևէ իրավական հիմք չունեն ու հիմնված են Ադրբեջանի կողմից վարվող այն թշնամական ու ազգային ատելության վրա, որով նաև պայմանավորված է տեղի ունեցած վերջին պատերազմը»,-ասել է Աբրահամյանը։
 
Դատախազի խորհրդականը նաև հայտնել է, որ Հայաստանը պատրաստվում է այս հարցով դիմել միջազգային կառույցներին ու Ինտերպոլին` հետախուզումը դադարեցնելու խնդրանքով, այնպես, ինչպես դա արվել է նախկինում Ադրբեջանի հայտարարած այլ հետախուզումների պարագայում։

«Դատախազությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի մեր քաղաքացիների նկատմամբ հարուցված հետախուզումներն ու դրանց վերաբերող հարցումները միջազգային այդ խողովակներով որևէ ընթացք չստանան»,- հայտնել է Աբրահամյանը։

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներից արձագանքել են ադրբեջանական այս հայտարարությանը՝ նշելով, մի դեպքում, որ «Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից» և «հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի  նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ