«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու իշխանության որոշումն ուշացած է. այն պետք է լիներ դեռևս անցած տարվա օգոստոսին:
7 ամսվա ընթացքում նրանք կարող էին ամբողջությամբ վերացնել քաղաքական և ռազմական իշխանության կողմից պատերազմից առաջ, ընթացքում և հետո կատարած բոլոր հանցագործությունների հետքերը, փոխեին փաստաթղթեր, լրացնեին դրանք կամ վերացնեին պետական դավաճանության իրեղեն ապացույցները:
44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է քննվեն քրեա-իրավական տիրույթում՝ հարուցված քրեական գործերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության միջոցով, ինչը հետևողականորեն մերժվել է իշխանության կողմից. ՀՀ գլխավոր դատախազին ներկայցվել է պետական դավաճանության հատկանիշներով առնվազն 6 հաղորդում, որոնցից և ոչ մեկով չի հարուցվել քրեական գործ:
Քաղաքական հարթության վրա նման մասշտաբային գործեր չեն քննվում, իսկ ԱԺ քննիչ հանձնաժողովը կոչված է խորհրդարանական վերահսկողություն իրականացնել ավարտված նախաքննության նկատմամբ՝ քաղաքական ընդդիմության ներսում կուտակված կասկածները փարատելու և նախաքննության արդյունքներին հանրային վստահություն հաղորդելու նպատակով:
Հ.Գ. ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ պետական դավաճանության և թուրքական լրտեսության մեջ կասկածվող անձը չի կարող ղեկավարել պետական դավաճանության հետաքննությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը