Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մի շարք հարցեր էին քննարկվում, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի համար հնարավոր փոփոխություններ: Դրանք, ըստ մասնագիտական շրջանակների, հերթական նահանջն են ժողովրդավարության սկզբունքից և վտանգելու են դատական իշխանության անկախությունը:
Նախագծի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Yerevan.Today-ը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանին, որն ասօրվա նիստին ներկա չէր. «Ափսոսում եմ, որ այսօր ներկա չեմ եղել հանձնաժողովի նիստին և կարևորում եմ, որ գործընկերներս հենց այդ խնդիրները բարձրացրեցին: Հերթական անգամ առաջարկներ էինք ներկայացրել նախագծերը հստակեցնելու համար, հերթական անգամ մերժվեցին: Իհարկե՝ անհնար է այդ հարցերը համադրել այն իրավական ամենաթողության հետ, որ այսօր ունենք: Ունենք կալանքի ֆետիշացում ու դատարանների նկատմամբ տեռոր: Ունենք քաղաքական բանտարկյալներ՝ ի դեմս Առուշ Առուշանյանի, Նարեկ Մանթաշյանի, Մանվել Փարամազյանի»:
Արամ Վարդևանյանից փորձեցինք ճշտել նաև, թե ինչու էր բացակայում ԱԺ հանձնաժողովի նիստից։ «Նիստին ներկա չէի այն պատճառով, որ ուրբաթ օրը հանձնել էի կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Քանի որ հիվանդությունն ընթանում է անախտանիշ, այսօր ևս մեկ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնեցի, սակայն պատասխանը նույնն է․ այդ իսկ պատճառով ինքնամեկուսացման կարգն եմ պահպանում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը