01 02 2022

Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվողը, միանշանակ, քաղաքական աստառ ունեցող հետապնդում է. Երվանդ Վարոսյան

Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվողը, միանշանակ, քաղաքական աստառ ունեցող հետապնդում է. Երվանդ Վարոսյան

Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվողը, միանշանակ, քաղաքական աստառ ունեցող հետապնդում է, Հայաստանում լիակատար բռնապետություն հաստատելու փորձ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

 «Ասեմ ավելին՝ ամեն բռնապետ չէ, որ իրեն կարող է նման բաներ թույլ տալ, որովհետև կան հակակշիռների հազար մեխանիզմներ ու զսպումներ։ Բացահայտ հետապնդում սկսել և փորձել կալանավորել դատավորի, ով չի կատարել քաղաքական պատվերները, ամեն բռնապետ չէ, որ կարող է գնալ այդ քայլին։ Հայաստանն այսօր այն վիճակում է, որ բացահայտ կարող են նման գործողություններ իրականացվել», - ասաց Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԲԴԽ-ին երկու միջնորդություն էր ներկայացվել՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Դատավորների միությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված։

 «Սա ուղղակի խայտառակություն է։ Սա ոչ միայն դատական համակարգի, սա պետության վերջին նշույլների կազմաքանդման փորձ է», - ասել է Երվանդ Վարոսյանը։

 Հարցին, թե այսպիսի հետապնդումները չե՞ն կաշկանդի մյուս դատավորներին՝ իրենց որոշումներում լինել անկաշկանդ, Երվանդ Վարոսյանը պատասխանեց.

«Որոշ մասին կկաշկանդի, բայց Հայաստանում կան դատավորներ, որոնց համար մորթապաշտությունը կյանքի նպատակը չի։ Նրանք, այնուամենայնիվ, կշարունակեն կատարել արդարադատությունը։ Բայց ինչի կհասնենք ընդհանուր առմամբ, ես որևէ դրական բան չեմ տեսնում»։

 Փաստաբանական համայնքն իր աջակցությունն է հայտնել դատավորին։ Նրանք հայտնել էին, թե ԱԱԾ-ն և ՀՀ դատախազությունն իրենց նման գործելաոճով պարզապես նսեմացնում են դատական իշխանությանը։

 «Այսօր լինելու եմ այն դատարանի դիմաց, որտեղ դատավորին ազատությունից զրկելու հարցն է քննարկվելու», - ասել է Երվանդ Վարոսյանը։

 Դատավորները ևս հայտնել են, որ ի աջակցություն Բորիս Բախշիյանի՝ բողոքի ակցիա կիրականացնեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ