27 01 2022

Արտակ Դավթյանը և Սուրեն Պապիկյանն էլ են կորոնավիրուսով վարակվե՞լ. 168.am

Արտակ Դավթյանը և Սուրեն Պապիկյանն էլ են կորոնավիրուսով վարակվե՞լ. 168.am

168.am-ը գրում է.

«Հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Դվին» հյուրանոցային համալիրում նախատեսված ընդունելությունը չեղարկվել է, քանի որ բանակի ղեկավար կազմում կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցությունից հետո:

168.am-ը գրել էր, որ հունվարի 28-ին «Դվին» հյուրանոցային համալիրում իշխանությունները պատրաստվում են ճոխ նշել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակը:

Պաշտպանության նախարարությունից լինելու էր ղեկավար կազմը, նաև ԳՇ պետը:

Պարզվում է՝ կորոնավիրուս հայտնաբերվել է նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանի մոտ, որը երեկ չէր ներկայացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացված կոլեգիայի նիստին:

Սակայն խնդիրն այն է, որ 168.am-ի տեղեկություններով, կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՊՆ Սուրեն Պապիկյանի մոտ, որը երեկ առանց դիմակի գերատեսչական պարգևներ էր հանձնում զինված ուժերի՝ առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին:

Մինչդեռ անցած շաբաթ  կառավարությունը որոշում էր ընդունել, որ արձակուրդ կստանան միայն պատվաստված զինծառայողները:

Մի կողմ թողնենք, որ զինծառայողները չեն կարող դուրս գալ և գնալ պատվաստվել, այսինքն՝ դա պետք է պատշաճ կազմակերպվի, այս դեպքում հարց է՝ որևէ  պատասխանատվություն չպե՞տք է կրեն ՊՆ ղեկավարները, որոնք շփվել են զինծառայողների հետ և գուցե վարակել:

Հավելենք, որ երեկ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանի մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։

Ինչ վերաբերում է Արտակ Դավթյանին, թերևս, տեղին է հիշեցնել նաև  համաճարակով պայմանանավորված արտակարգ դրության օրերին նրա որդու հարսանիքը, որի պատճառով  Նիկոլ Փաշինյանը նրան ազատեց ԳՇ պետի պաշտոնից:

ԳՇ պետը, ըստ էության, շատ հանգիստ կարող էր հրաժարվել Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցությունից՝ հիշեցնելով և՛ այս դեպքը, և՛ այն, որ մի քանի օրից բանակի տոնն է, և պետք է անցանկալի դեպքերից խուսափել՝ վտանգի տակ չդնելով նաև զորքին: Չի արվել, և ունենք այն, ինչ ունենք»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ