24 01 2022

Հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ Վարչապետ

Հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ Վարչապետ

Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունն այդ հրավերը կընդունի, առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կընդունի արդյոք Հայաստանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։

«Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց համենայնդեպս, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո շատ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը, որովհետև եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթն ու հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք», - ասաց նա։


Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ միջազգային հանրությունն էլ է շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությամբ։


«Ողջ միջազգային հանրությունը շատ նախանձախնդիր է և աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ես կարծում եմ՝ տարածաշրջանի երկրներն էլ են շատ շահագրգռված, որովհետև, իհարկե, ճիշտ է՝ խաղաղության օրակարգը մենք ենք բարձրաձայնում, բայց կարծում եմ՝ խաղաղության օրակարգը հետաքրքիր է բոլորին», - ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ