Որոշումը նախագահն է կայացրել, ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը երեք ու կես ժամ առաջ։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Արմեն Սարգսյանը զանգահարել է իրեն այդ որոշման հրապարակումից ժամեր առաջ և իրենք խոսել են այդ մասին։ «Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ, թե ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացնում է որոշում, որ հասկանամ այդ որոշումը քննարկման ենթակա՞ է, թե ոչ, որից հետո նա ասել է, որ կայացրել է որոշում»,–ասաց նա։
Նա նկատեց, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանը ընտրվել է ՀՀ նախագահ, իսկ ինքը՝ վարչապետ, այդ ժամանակից Սահամադրության նախագահի լիազորությունների մասով որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշեց, որ հրաժարականի բացատրություններն ի գիտություն է ընդունում և չի ցանկանում մեկնաբանել։
Ինչ վերաբերում է Hetq.am–ի բացահայտումներին՝ կապված Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա իր քննարկելու մանրամասները չեն, քանի որ եթե որևէ փաստ կա, որ որևէ ՀՀ պետական մարմին պետք է արձագանքի, կարծում է, որ այդ մարմինները պետք է զբաղվեն դրանով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը