19 01 2022

Ավելի լավ է պարզ ասեք, որ պետք է քննիչ հանձնաժողով ձևավորեք և ձեզ այդ պաշտոնը պետք է․ Արթուր Ղազինյան



Մի քանի անգամ շեշտվեց, որ սա վերաբերում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի արդեն մինի սերիալի վերածված 15-16 անգամ չընտրությունը օրենքով կարգավորելուն, ինչը մեծ հաշվով չի լուծելու խնդիրը։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Այն, որ սա ժողովրդավարությունից բավականին լուրջ նահանջ է, կարծում եմ՝ կասկածի տեղիք չի տալիս, որովհետև ժողովրդավարությունը պահանջում է առաջինը հանդուրժողականություն։ Քաղաքական մեծամասնությունը պետք է հանդուրժող լինի ընդդիմության նկատմամբ և եթե Սահմանադրությամբ և օրենքով հատկացված է այդ տեղը ընդդիմությանը, ապա վերջինս առնվազն պետք է իրավունք ունենա իր նախընտրած թեկնածուին ունենալ իրեն հասած պաշտոնում»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը 15 անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն ամեն անգամ իշխող խմբակցությունը՝ ՔՊ-ն, դեմ է եղել: Այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն օրենքի նախագիծ է ներկայացրել ընտրության կարգի մասին, ըստ որի՝ եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ