Եթե նայեք այն կադրերը, որ վերջերս նկարահանվել են Ղազախստանում, և այն կադրերը, որոնք նկարված են 2008թ. մարտի 1-ին, պահեր կան, որ ձեզ կթվա, թե նույն իրադարձություններն են, քանի որ շատ նման են իրար: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ զուգահեռներ տանելով Ղազախստանում կատարվածի և մարտի 1-ի իրադարձությունների միջև:
«Նույնիսկ մարտի 1-ի իրադարձությունների որոշ հատվածներ ավելի դաժան են, քան Ղազախստանում կատարվածը, երբ ամբոխը ոստիկանության վրա նետում է «Մոլոտովի կոկտեյլները», երբ ամբոխի ուղղությունից դեպի ոստիկանության ուղղություն ավտոմատային կրակահերթեր էին լինում…Դուք պատկերացրեք, որ այդ կես օրվա ընթացքում 180 ոստիկան ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, իսկ 2-ը սպանվել են»,-ասաց Ալումյանը։
Փաստաբանի խոսքով Հայաստանում հանրությանը 12 տարի բացատրում էին, թե չէր կարելի կիրառել ՀՀ Զինված ուժերը զինված զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով․
«Ասում էին, որ մեր Սահմանադրությունն ու օրենքները դա արգելում են: Բայց պարզվում է, որ այդ նույն մարդիկ, համարելով, որ Հայաստանում մեր զորքերը չեն կարող կիրառվել զանգվածային զինված անկարգությունները կանխելու համար, համարում են, որ Ղազախստանի զորքերը կարելի է կիրառել Ղազախստանի զինված անկարգությունները կանխելու նպատակով: Այստեղ տրամաբանություն չնկատեցի»,- հավելեց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը