Պետական համակարգում պարբերական և մեծ ծավալի պարգևատրումներն էլ են կոռուպցիա, ուղղակի` քողարկված։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Նշենք, որ տարեվերջին պետական համակարգում եւս պարգևատրումներ բաժանվեցին։ Մասնավորապես՝ ԱԺ աշխատակազմը դեկտեմբերին երկու անգամ է պարգևատրում ստացել։
Վարուժան Հոկտանյանը նշում է, որ բնակչության 90 տոկոսը եկամուտների անբավարարության խնդիր ունի։ Աշխարհում այդ հարցը լուծվել է ոչ թե այսպիսի պարգևավճարներ տալով, այլ տնտեսական զարգացում ապահովելու միջոցով, որն էլ իր հերթին նպաստել է եկամուտների բարձրացմանը։
«Նախկինում դա արվում էր կա՛մ բյուջեն թալանելով, կա՛մ կաշառք վերցնելով։ Հիմա փորձում են դա փոխարինել պարգևավճարով՝ մտածելով, որ սա չենք կարող կոռուպցիա անվանել»,-նշեց Վարուժան Հոկտանյանը։
Վերջինս նշում է՝ երբ պարգևավճարի մասին ենք խոսում, ապա պետք է հասկանանք դրա կոնցեպտը, քանի որ պարգևավճար տալիս են առանձնակի հաջողությունների դեպքում։ Հետևաբար պետք է սահմանվեն կատարողականի ցուցանիշներ, այդ ամենը ստուգվի, որից հետո պարգևավճար տան։ Առավել ևս նկատի ունենալով, որ հարուստ երկիր չենք և Վարուժան Հոկտանյանի կարծիքով կոռեկտ չէ այդպիսի գումարներ ծախսել պարգևավճարների վրա։
«Շարքային քաղաքացին ևս իր կաշվի վրա պետք է զգա, որ կյանքը լավանում է։ Երբ այդ ամենը լինի, արդեն կարելի է ասել, որ ինչ-որ տեղ արժանի են, որ պարգևավճար ստանան։ Եթե պարզապես պարգևավճար են տալիս՝ ակնկալելով, որ հետո լավ կաշխատեն, ինչպես նաև իրենց հավատարիմ կլինեն, այլ ոչ թե բարձր աշխատավարձ են սահմանում, դա լրիվ այլ իմաստ է ստանում։ Վերջիվերջո երկու դեպքում էլ կատարողականի խնդիր կա, թե ինչու պետք է պարգևավճար կամ բարձր աշխատավարձ ստանան։ Ճիշտ կլինի, եթե այդ ամենը կապվի երկրի զարգացման հետ, ավելի շատ ներդրումներ լինեն, մարդկանց եկամուտն ավելի բարձր լինի»,-նշեց Վարուժան Հոկտանյանը։
Բոլոր նրանք, ովքեր հանրային միջոցներից են իրենց եկամուտները ստանում՝ անկախ նրանից բարձրաստիճան պաշտոնյա են, թե ոչ, պետք է հաշվետվողական լինեն։ Վարուժան Հոկտանյանը նկատում է՝ քանի որ իրենք էլ դժվարություն կունենան դա բացատրելու, հաշվետվողականության խնդիրը երկրորդ պլան է մղվում։
«Պետք է շատ թափանցիկ լինի։ Այսպիսի երկրում, եթե ապահովում ես այսպիսի աշխատավարձ, ուրեմն պետք է փայլուն արդյունքներ ցույց տաս, որ մարդիկ ասեն՝ հալալ է, այսքան բան է անում, թող ստանա։ Բայց չեմ կարծում՝ փողոց դուրս գանք ու հարցնենք, մարդիկ կասեն, որ շատ լավ են աշխատում»,-նշեց Վարուժան Հոկտանյանը։
Վերջինս հավելեց՝ հետաքրքիր բաներ հայտնաբերում է Հաշվեքննիչ պալատը։ Վարուժան Հոկտանյանը նշեց, որ վերջերս էլ աղմուկ առաջացավ Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, սակայն չի բացառում, որ այդքանից հետո էլ նրանք պարգևավճար ստացած լինեն։
«Գոնե այս ձևով պետք է կապ լինի։ Եթե նման բաներ են հայտնաբերվում և էլի պարգևավճարներ են ստանում, արդեն բավականին անարդար իրավիճակ է ստեղծվում։ Պետք է վերահսկողություն լինի»,-հավելեց Վարուժան Հոկտանյանը։
«Փաստինֆո»-ն հարցումներ է ուղարկել պետական տարբեր գերատեսչություններ՝ պարգեւատրումների ծավալների մասին տեղեկատվություն ստանալու համար, սակայն կառավարությունը որդեգրել է տեղեկատվությունը թաքցնելու ուղեգիծը։ՊՆ-ն հարգեւատրումների վերաբերյալ տվյալները համարում պետական ու ծառայողական գաղտնիք, իսկ ֆինանսների նախարարությունը՝ անհատական տվյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը