10 01 2022

Ադրբեջանը շարունակում է առաջ մղել Արցախի հայաթափման ծրագիրը՝ մշտական վախի մեջ պահելով խաղաղ բնակչությանը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը շարունակում է առաջ մղել Արցախի հայաթափման ծրագիրը՝ մշտական վախի մեջ պահելով խաղաղ բնակչությանը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ոտնձգություն է խաղաղ բնակչության իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի դեմ։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տարածած հայտարարությունում:

«Ադրբեջանի կողմից հունվարի 10-ին՝ ժամը 14:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ արձակված կրակահերթերի և դրանց հետևանքների վերաբերյալ փաստերի հավաքագրման նպատակով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել են վերոնշյալ համայնքներ։

Հավաքագրված փաստերի համաձայն՝ խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերից բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակահերթեր արձակել է առավել մեծ ինտենսիվությամբ։

Հունվարի 10-ի կրակահերթի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել բնակելի տան բակում, իսկ տանն այդ պահին ներկա են եղել երեք քաղաքացիական անձինք։ Նշված բնակելի տունը համայնքի մանկապարտեզից գտնվում է մոտ 50 մետր հեռավորության վրա։ Կրակահերթի և մեքենայի հրդեհման հետևանքով մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ տարահանվել են։

Իրավապահների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Հրաձգային զինատեսակների գնդակների մնացորդներ են հայտաբերվել նաև համայնքի բնակելի հատվածի կենտրոնական մասում գտնվող մեկ այլ տան բակում։

Ադրբեջանական կրակոցների հետևանքով նույն օրը Թաղավարդ համայնքին պատկանող արոտավայրերից մեկում տուժել է նաև բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը, իսկ անասնապահը կարողացել է պատսպարվել և անվնաս հասնել տուն։

Հունվարի 10-ին ադրբեջանական կողմը շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակահերթեր է արձակել նաև Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ, որի հետևանքով մարդկային կորոստներ չեն արձանագրվել, սակայն վնասվել է գյուղացիներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկան։ Քաղաքացիական անձինք ավելի քան մեկ ժամ տևողությամբ գտնվել են կրակի տակ և այդ գոտուց դուրս են բերվել միայն ռուս խաղաղապահների միջամտությամբ:

Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ոտնձգություն է խաղաղ բնակչության իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի դեմ։ Ադրբեջանական հանցավոր գործողությունները նպատակ են հետապնդում ահաբեկել, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորել Արցախի բնակչության շրջանում։

Այսօրվա միջադեպերը և նախորդ տարվա ընթացքում գրանցված բազմաթիվ նմանօրինակ դեպքերը հստակ ցույց են տալիս, որ կեղծ խաղաղասիրության շղարշի ներքո ադրբեջանական կողմը շարունակում է առաջ մղել Արցախի հայաթափման ծրագիրը՝ մշտական վախի մեջ պահելով Արցախի ամբողջ տարածքում և մասնավորապես սահմանային դարձած բնակավայրերում խաղաղ բնակչությանը։

Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների պատշաճ պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր և առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը»,- նշված է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ