24 12 2021

Քա՞նի զոհ ունենք կապիտուլյացիայից ի վեր. ՊՆ-ն, դատախազությունն ու վարչապետը հակասում են իրար․ Թվեր

Քա՞նի զոհ ունենք կապիտուլյացիայից ի վեր. ՊՆ-ն, դատախազությունն ու վարչապետը հակասում են իրար․ Թվեր

 

2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրեց կապտուլյացիայի հայտարարության տակ, որ, ըստ իրեն, փրկի 20-ից մինչև 35 հազար զինծառայողի կյանք (նայած թե Նիկոլ Փաշինյանին որ պահին քանի «փրկած» զինվորի թիվ է ձեռնտու նշել): Այս իշխանության հիմնական պատճառաբանությունն ու արդարացումը սա էր: Հետո Սյունիքից զորքերը հետ քաշվեցին, որ պատերազմ չլինի, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չսկսվեց, որ զոհեր չունենանք: Դե 2021 թվականին էլ Փաշինյանն ընտրվեց, որ «տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացի»:

Բայց թե իրականում ինչ է եղել այս իրադարձություններից հետո, բոլորս ենք հիշում: Տարածքային նոր կորուստներ, զոհեր, վիրավորներ, գերեվարված զինծառայողներ․․․

2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը բանակում եղել է 84 զոհ, որոնցից 36-ը եղել են մարտական կորուստներ։ Մյուս 48 կորուստները եղել են այլ պատճառներով՝ ինքնասպանություններ, մահեր սպանություններ և զենքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն։ 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021թ դեկտեմբերի 16-ը թշնամու կրակոցից վիրավորում է ստացել 29 զինծառայող: Տվյալները վերցրել ենք Պաշտպանության նախարարության էջից և Razminfo մասնագիտական կայքից (կայքը տվյալները ներկայկացրել է ՊՆ և դատախազության հարցումների արդյունքներով):

Yerevan.Today-ը գրավոր հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմեբրի 15-ը ընկած ժամանակահատվածի համար զոհերի և վիրավորների թիվը։

Ըստ այդմ՝ այս ժամանակահատվածում բանակում ունեցել ենք 63 զոհ և 69 վիրավոր: 63 զոհից 33-ը եղել է հակառակորդի կրակոցից, մնացածը՝ այլ պատճառներով: Ըննդ որում, նրանցից 7-ը վիրավորումը ստացել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսինքն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021թ․ դեկտեմմբերի 15-ը ներառյալ ունեցել ենք 26 զոհ։

Նախքան այս տարբերություններին անցնելը, նշենք, որ այս տարվա նոյեմբերի 7-ին «Հանրային» հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ից հետո շուրջ 28 զոհ ենք ունեցել: Դրանից հետո եղավ նոյեմբերի 16-ի հայտնի սադրանքը, որի արդյունքում հայտարարվեց 1 զոհի մասին․ ևս 5 զոհի դի բերվեց Ադրբեջանից։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի թվերը խոսում են 34 զոհի մասին՝ կապիտուլյացիայից ի վեր։

Ինչպես նկատեցինք, նույն ժամանակահտավածի համար ստացվում է երեք տարբեր թիվ․

Ըստ ՊՆ տվյալների՝ կապիտուլյացիայից ի վեր ունեցել ենք 36 մարտական կորուստ։

Ըստ դատախազության՝ կապիտուլյացիայից ի վեր ունեցել ենք 26 մարտական կորուստ։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կապիտուլյացիայից հետո ունեցել ենք 34 մարտական կորուստ։

Երբ պատերազմի ավարտից շուրջ մեկ տարի անց դեռ չգիտեինք զոհերի, վիրավորների, գերեվարված անձանց հստակ թվերն ու անունները, դա պատճառաբանվում էր, որ եղել են լայնամասշտաբ գործողություններ, եղանակային դժվարություններ կան, թշնամուն անցած տարածքներ և այլն և այլն: Հիմա հետաքրքիր է, թե ինչպես կարելի է պատճառաբանել, որ կապիտուլյացիայից հետո խաղաղ պայմաններում մեր զոհերի և վիրավորների վերաբերյալ պետական կառույցները տարբեր թվեր են ներկայացնում: Դե իսկ Փաշինյանին էլ չմոռանանք․ հետաքրքիր է, թե նա որտեղից է վերցրել այդ թվերը:

Ստացվում է՝ զինվորին հռչակում են առաջնային, հանուն նրա կապիտուլյացիա ստորագրում, տարածքներ զիջում, թշնամու առաջխաղացումը թույլ տալիս, բայց զոհված զինվորի մասին պատշաճ ինֆորմացիա անգամ չեն կարողանում տալ: Նրանց նահատակությունը հաշվում են պլյուս-մինուսով, մոտավոր թվերով։

Զինվորի կյանքն ու առողջությունը գերակայություն հռչակած իշխանությունը ոչ միայն չի կարողանում այդ զինվորի անվտանգությունն ապահովել, այլ նաև հստակ թիվ տալ: Ի վերջո, այդ թվերի հետևում անուններ են, մարդկային կյանքներ, ճակատագրեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ