Դատական իշխանությունն այս դեպքում իր բարձունքին չեղավ, չկանգնեց քաղաքացու կողքին՝ չպաշտպանեց քաղաքացու քվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ Վարչական դատարանը մերժել է իրենց ներկայացրած բողոքը Վարդենիս համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին։
«Միասնական Վարդենիսը» վիճարկել էր ՏԸՀ որոշումը, որով ՏԻՄ ընտրություններում Վարդենիս համայնքի մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ՝ ՔՊ-ին 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքին 10 և «Միասնական Վարդենիսին» 4։
Փաստաբանը բացատրեց, որ մինչև այդ՝ դեկտեմբերի 5-ին, արդյունքներն այլ կերպ էին բաշխված․ «Միասնական Վարդենիսն» ուներ 5, իսկ ՔՊ-ն 12 մանդատ։
Իրավիճակն այնպես էր դասավորվել, որ եթե 1 անձ դեմ քվեարկեր «Միասնական Վարդենիսին» կամ 1 անձ կողմ քվեարկեր ՔՊ-ին, ըստ բանաձևի մանդատները բաշխվելու էին այլ կերպ՝ ՔՊ-ինը դառնալու էր 13 մանդատ, իսկ ՄՎ-ինը՝ 4 մանդատ։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը