20 12 2021

Անսամթ դհոլչին և իրավական համակարգը․ politik.am

Անսամթ դհոլչին և իրավական համակարգը․ politik.am

politik.am-ը գրում է․

Հայ հասարակական-քաղաքական գործիչներից շատերն են նվագում տարբեր գործիքների վրա, երգում, նկարում: Արվեստի որևէ ճյուղին նրանց հակվածությունը մի տեսակ սովորական մարդկային է դարձնում նրանց: Հայտնի է, որ ՀՀ նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանն ու Հրանտ Բագրատյանը՝ կիթառ, Կարեն Կարապետյանը՝ հարվածային գործիքների վրա են նվագում: Այս «անսամբլին» կարելի է ավելացնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որը, պարզվեց, դհոլչի է, բայց՝ անսամթ: Դատելով տարածված ձայնագրությունից, երաժշտական տակտը բռնելն ու ունիսոն նվագելը նրան ակնհայտորեն չէր հաջողվում, ինչպես չի հաջողվում երկրում արդարություն հաստատել, իր ղեկավարած համակարգում գրագետ դատախազներ պահել և հանցագործներին բացահայտել: Ենթադրելի է, որ ՀՀ գլխավոր դատախազի նվագի հիմնական «պուբլիկան» իր աճեցրած, համակարգ բերած դատախազ բարեկամներն ու սանիկներն էին, որոնցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազական ցանցը իրական ցանց է դարձրել:

Արթուրդավթյանական դատախազական համակարգը

Արթուր Դավթյանի դատախազական համակարգին, հսկող դատախազների աշխատանքին առնչակից դարձա 2017 թվականին, երբ հայրիկիս գերեզմանի անարգման փաստով հարուցվեց քրեական գործ:Համաձայն ՀՀ գործող օրենսդրության, դատախազն է «հսկողություն իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ», իսկ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պարտավոր է իրականացնել պատշաճ դատախազական հսկողություն: Կոնկրետ մեր՝ թիվ 68105517 քրեական գործով, հինգ տարվա ընթացքում փոխվել է երեք հսկող դատախազ:Ակնբախ է, որ նրանցից ոչ մեկի կողմից չեն ձեռնարկվել պատշաճ միջոցներ քրեական գործը բացահայտելու, գերեզմանապիղծ սրիկաներին հայտնաբերելու ուողղությամբ: Քրեական գործի՝ օրենքի տառին համապատասխան, հսկողություն՝ինչպես հսկող դատախազի, այնպես էլ քննիչի ու ոստիկանության նկատմամբ, իրականացվել է իմ՝ տուժողիս կողմից: Բացառապես իմ միջնորդություններով, ուղղորդումներով են հարցաքննության կանչվել կասկածվող,ինչպես նաև հարևանությամբ գտնվող գերեզմանների տերերը,գերեզմանափոր բանվորները, անգամ գերեզմանոցում թափառող երեխաները: Միայն այն փաստը, որ ցայսօր նախաքննության մարմինը չունի կասկածյալների իր շրջանակը, չունի հիմնավորված կասկած նման զազրելի արարքը կատարելու դրդապատճառների վերաբերյալ, ապացուցում է՝ նախաքննության մարմինը՝ ոստիկանությունը և քրեական գործը հսկող դատախազներն իրենց աշխատանքը չեն կատարել, դրսևորել են հանցավոր անգործություն:

Հինգ տարիների տարիների ընթացքում, քրեական գործը երեք անգամ կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ «հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տանիքավորմամբ աշխատող Շիրակի մարզի դատախազները ֆանտաստիկ «գրագետ», բացառիկ «արհեստավարժ» աշխատանք են ծավալել վերոգրյալ քրգործով: Այդ մասին անթիվ դիմում-բողոքներ են ուղղվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնողին, մամուլում հրապարակվել են բազմաթիվ հոդվածներ հսկող դատախազների, քննիչների և ոստիկանների մասնագիտական պրոֆանացիայի վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազի աշխատակիցների «գերգրագետ» պատասխանները ոչ թե իրավաբանության, այլ կաղացող արհեստավարժության օրինակներ են:

Նախ, նշեմ, որ քրեական գործի կասեցման առաջին որոշումը կայացվեց քրեական գործը հարուցելուց 49 օր անց՝ հարուցվել էր 12.07.2017 թվականին, կասեցվել՝ 31.08.2017 թվականին: Սա նշանակում էր, որ նախաքննության մարմինը և հսկող դատախազ, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Ավետիսյանը, պարզ ասած, «գլխառադ» էին արել քրեական գործի բացահայտումը՝չձեռնարկելով որևէ դավատավարան գործողություն: Սա նշանակում էր նաև, որ Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը, որը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կուրսեցին է ու սանիկը, դրսևորել էին պատժելի հանցագործություն:Այս վակխանալիայի վերաբերյալ 27.08.2018 թվականին ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունից ստացա պատասխան, որ «կատարվել է ուսումնասիրություն .... և նշված քրեական գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացրած դատախազների ուշադրությունը հրավիրվել է աշխատանքում տեղ գտած բացթողումների վրա՝ անհրաժեշտ հետևություններ անելու և հետագայում դրանք բացառելու համար»: Բայց զավեշտ այն էր, որ սույն պատասխանի առաջին պարբերությունում ասվում էր՝ «Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չկան»: Սա է Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցի իրավաբանական գրագիտության ցուցիչը, սա դատախազական, թող ներվի ասելու, շուլերության դրսևորում է: Ցայսօր՝ այդ տեղակալը շարունակում է իր տեղակալությունը: Նշանակում է՝ նրա ականջը քաշող չի եղել, նրա էշին «չոշ» ասող չի եղել:

Իմ բազմաթիվ հարցումները՝ ճշտելու դատախազի տեղակալի տաքուկ սենյակում տեղավորված այդ իրավանի կոնկրետ բացթողումների ցանկը, մնացին անպատասխան: Սա ապացուցում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը լավ սցենարիստ է, բայց վատ արտիստ:Այդ կառույցն ուղղակի «գելթոզի» է արել դատախազի նկատմամբ աշխատանքային, մասնագիտական պատժի կիրառումը: Քանի որ արթուրդավթյանական դատախազական համակարգը ունի հանցավոր անգործությունը պարտակելու կուռ ձևավորված ուղղահայաց, մեկ տարի շարունակ փաստերով հագեցած բողոքների տարափի արդյունքում, հասա նրան, որ դադարեցվեց Արթուր Դավթյանի` Շիրակի մարզի սանիկ դատախազի տեղակալի՝նշված քրեական գործի նկատմամբ դատախազական հսկողությունը: Ի դեպ, իրավաբանական այս անգիտության ցցուն փաստերը տեղի էին ունենում Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի աչքի առաջ: Իսկ քրգործի քննիչը մասնագիտական հաշմանադությամբ աչքի ընկնող Արմեն Գյոզալյանն էր:

Արթուր Դավթյանի դատախազական համակարգի ապիկարության մաստեր-կլասը կատարելագործվեց ,երբ քրեական գործը հսկող դատախազ նշանակվեց սկզբում շարքային դատախազ, ապա՝ այս քրեական գործի հսկումն իրականացնելու ընթացքում պաշտոնեական տրամլինից թռնելու հետևանքով մարզի դատախազի տեղակալ դարձած Արտյոմ Օվսյանը: Այս կադրի հմուտ մանիպուլյացիան և անդադար օրորոցային տեքստերը, թե «ամեն ինչ արվում է, հաստատապես, վստահ եղեք» և այլն, անգործությունը քողարկելու բարակ ծխածածկույթ էր: Բանն այն է, որ իմ ՝ տուժողիս, մոտ առկա էր քրեական գործով հարցաքննված, իմ կողմից կասկածվող անձանցից մեկի հետ իմ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որն ես կոնկրետ օրը և ժամին ներկայացրեցի քրգործը հսկող դատախազ Օվսյանին:Իր առանձնասենյակում նա լսեց այդ ձայնագրությունը, սակայն այն չկցեց քրեական գործին՝ որպես իրերեն ապացույց: Նա չհանձնարարեց քրգործը վարող, ակնհայտորեն մասնագիտական ստորոտին գտնվող քննիչ Միշա բիշարյանին այն դարձնել քրեական գործի մաս:Ավելին, Շիրակի մարզի սանիկ նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը 27.09.2019 թվականին ինձ ուղղված պատասխանում մի բառային ծեփագործություն էր արել, գրելով.«Դատախազը սույն դեպքում նյութեր ստանալու լիազորություն չունի»: Պատկերացնու՞մ եք, քրեական գործով տուժողը իր ձեռքով քրգործին առնչվող իրեղեն ապացույց է ներկայացմում հսկող դատախազին, իսկ նա պարզվում է «սույն դեպքում» այն չվերցնելու իրավունք ունի: Ահա սա է արթուրդավթյանական կադրերի իրավագիտակցությունը: Սա օբյեկտիվությունից, համակողմանիությունից, լիարժեքությունից զուրկ քննություն վարելու ակնբախ փաստ է: Այս դատախազն ևս որևէ տույժի, մասնագիտական որակազրկման, հանցավոր անգործության, միտումանվոր թողտվության փաստով պատժի չարժանացավ: Դատախազա-քննիչական այսօրինակ բացառիկ «գրագիտության» փաստը ներկայացրեցի զանգվածային լրատվամիջոցներին, ինչին, 5 ամիս անց, հետևեց մի աղաղակող հակագործողություն իմ դեմ: Քննիչ-հսկող դատախազ դուետը՝ սրբելու համար իրենց հանցավոր ոչարհեստավարժության փաստը, որոշեց 28.10.2019 թվականին, խուզարկություն իրականացրել մեր բնակարանում՝ոչ անհայտ դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ:Սա չտեսնված մի փաստ է, հակաօրինական աննկարագրելի գործողություն, որի նպատակն էր քողարկել դատախազա-քննչական ապիկարությունը, եթե կուզեք՝ տգիտությունը, մասնագիտական անորակությունը:Քրեական գործը հսկող դատախազ Արտյոմ Օվսյանն այսքանից հետո դարձավ ՀՀ գլխավոր դատախազի սանիկ Կարեն Գաբրիելյանի պաշտոնեկան բուֆերը՝ նշանակվելով ՀՀ գլխավոր դատախազությունում Գաբրիելյանի գլխավորած վարչության պետի տեղակալ:Այ այսպես, այստեղ է ասված, «բանտի փոխարեն բանկ տարան»: Սակայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցի դատախազ կադրերի մասնագիտական ապիկարության ռեկորդները չեն սահմանափակվում: Բանն այն է, որ այս նույն քրեական գործով հերթական հսկող դատախազ նշանակված ոմն դավիթ Զիլֆիմյանին թվացել էր, որ նա ոչ թե հսկող դատախազ է, այլ ինչ-որ secret setrvice –ի աշխատակից: Այդ տղան 14.09.2020 թվականին համարել էր, որ ես՝ տուժողս, իրավունք չունեմ տեղեկանալու, թե ով է քրեական գործի նոր հսկող դատախազը՝հայցվող տեղեկությունը տրամադրելու ընթացակարգ չլինելու ինչ-որ անհայտ պատճառաբանությամբ: Միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո, այս երիտդատախազը պատասխանեց, որ հենց ինքն է քրգործը հսկող դատախազը: Արթուր Դավթյանի նշանակած Շիրակի մարզի նոր դատախազն էլ որոշել էր ինձ դասեր տալ, թե ինչպես, ինչ բառացանկով բնութագրել դատախազ ոմն Զիլֆիմյանին պատասխանը:

Բայց հետաքրքիրն այն է, որ փոխանակ ինձ դասեր տալ, ՀՀ դատախազությունը, որն ազդվել էր politik .am կայքում տպագրված «Երբ դատախազի պաշտոնը մեծ է հագին» նյութից,  պետք է քններ այդ հոդվածում տեղ գտած բացահայտումը: Իրականությունն այն է, որ 2004 թվականի hոկտեմբերի 21-ին, այդ նույն դատախազ Զիլֆիմյանի հոր մասնակցությամբ տեղի էր ունեցել ավտովթար՝ երկու անձի մահվան ելքով: ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի 2021 թվականի հուլիսի 16-ի 58/714-21 թվակիր գրության համաձայն՝ «Թալինի քննչական բաժնի քրեական գործերի հաշվառման մատյանում առկա տվյալներով պարզվել է, որ 2004 թվականի հոկտեմբերի 21-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է 54101904 քրեական գործը, որի վարույթը կարճվել է 2004 թվականի նոյեմբերի 16-ին՝ հանցակազմի բացակայության հիմքով»: Սույն փաստը և 21.07.2021 թվականով թվագրված ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Վ. Սարգսյանի կողմից ստորագրված պատասխանը չի արժանացել ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությանը: Երկու անձի մահնվան ելքով ավտովթարի փաստով հարուցված քրեական գործը կարճվել է: ՀՀ գլխավոր դատախազին չի հետաքրքրել, թե իր աշխատակից, Շիրակի մարզի դատախազությունում աշխատանքի տեղավորված Զիլֆիմյանի հոր մասնակցությամբ տարինռեր առաջ հարուցված քրեական գործը ինչո՞ւ է կարճվել,ինչպե՞ս է ստացվել, որ նա խուսափել է քրեական պատասխանատվությունից: Սա է արթուրդավթյանական դատախազական համակարգը: Ինչպես կարող է դատախազ դարձած Զիլֆիմյանը,տեսնելով հոր անպատժելիությունը, քրեական գործ բացահայտել:
Բայց վերևում ներկայացված փաստերը ոչինչ չեն նշանակում ՀՀ գլխավոր դատախազի համար: Նրա գերխնդիրը իր պաշտոնի պահպանումն է բոլոր իշխանությունների օրոք:

Մշտակա՞ն, թե՞ «միջուկ» դատախազ

Արթուր Դավթյանը մեր օրեր հասել է Սերժ Սարգյսյանի կադրային ժառանգության փաթեթով՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի հավատարիմ հենարաններից մեկը:

Բայց, համաձայն վերջերս մամուլում տարածված տեղեկության, ՀՀ վարչապետի աթոռը պահող Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազի նոր թեկնածու է փնտրում: Թե ինչն է այս փուլում բացասականորեն գրգռել Փաշինյանին, հայտնի չէ: Փաստ է, որ Արթուր Դավթյանն ամեն ինչ կանի պաշտոնը պահպանելու համար: Այլապես, ոչ միայն ինքը, այլև իր սանիկա-բարեկամական ցանցով կապված դատախազական համակարգը կփլուզվի և իր բերած-նշանակած դատաախզները կվերածվեն քաղաքական «բոմժերի»:

Սակայն եթե, այնուամենայնիվ, կայացվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից ազատվելու քաղաքական որոշումը, ապա, որպես քիթը քամու ուղղությամբ պահող կարիերիստ, նա կարող է սկսել խաղալ ընդդիմության դաշտում՝ ընթացք տալով ընդդիմադիրների փաստարկված հաղորդումներին, դիմում-բողոքներին՝ կապված Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և ձերբակալելու հետ: Այդպիսով, Արթուր Դավթյանը կփորձի դառնալ հերոս, ոչ թե քաղաքական լուզեր:Նա ամեն ինչ կանի, որպեսզի չվերածվի «Բալասանյան դաշինք թ» կամ «սուպեր մամա Հայկո 3» քաղաքական զոհի: Բայց ինչ էլ նա նախաձեռնի, դա այլևս կբնութագրի նրան ոչ թե որպես իրավաբանի, այլ անսամթ դհոլչու և ռեսուրսները սպառած օդիոզ ռենեգատի:

Լիլիթ Աղեկյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ