Ծայրահեղ անպարկեշտ արտահայտությունը ես մի կերպ կարող եմ մեկնաբանել, դուք երեք կերպ կարող եք մեկնաբանել, ոստիկանությունը կամ դատարանները տասը կերպ կարող են մեկնաբանել, և այս արտահայտություններն անորոշություններ են, սրա մասին է խոսքը։ Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետևյալ հարցին․ «Ծանր վիրավորանքը, որը օրենքում հստակ նշում է՝հայհոյելն է կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, այլ բան չկա, հիմա կխնդրեի որպեսզի հստակեցնեք՝ քննադատությունը, կամ խոսքի ազատությունը ի՞նչ կապ ունեն սրա հետ»։
Այնուհետև շարունակելով արձագանքը, Աղվան Վարդանյանը նաև ընդգծեց․ «Ես հույս ունեի, որ ձեր հռչակած ժողովրդավարության բաստիոն երկիրը, պետք է նմանվեր էն արևմտյան չորս երկրներին, կամ սովետական 10 երկրներին, ոչ թե ետ գնար նախկինների ապաքրեականացրած օիրենքը նորից քրեականացնելու ճանապարհով»։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է չեղարկել 2021թ–ին ԱԺ նախորդ գումարման խորհրդարանի հապճեպ ընդունած փոփոխությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը