08 12 2021

ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը շարունակում է հաղթել պետական մրցույթներում. Hetq.am

ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը շարունակում է հաղթել պետական մրցույթներում. Hetq.am

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ընկերությունը շարունակում է հաղթել պետական գնումների մրցույթներում։ Նարիբեկյանի ընկերությունը կահույք է մատակարարում պետական մի շարք գերատեսչությունների, գրում է Hetq.am–ը։

Hetq.am–ն այս տարվա օգոստոսին գրել էր, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն մոտ 150 գնման պայմանագիր է կնքել պետական տարբեր մարմինների հետ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում էր 250 միլիոն դրամը։ 2014թ․ հիմնադրված ընկերությունը մինչև իշխանափոխությունը ընդամենը երեք գործարք ուներ պետության հետ։ 

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ այս տարվա օգոստոսից հետո «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն ևս 7 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ։ Ընկերության ծառայություններից օգտվել են Վարչապետի աշխատակազմը, վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը, Նոյեմբերյանի համայնքապետարանը, Վանաձորի բժշկական կենտրոնը, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն։

Այդ յոթ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 8,3 մլն դրամ։ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն գրասենյակային գույք և տնտեսական ապրանքներ է մատակարարել պետական նշված կառույցներին։

«Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն Վահան Նարիբեկյանին փոխկապակցված միակ ընկերությունը չէ, որը մասնակցում և հաղթում է պետական գնումների մրցույթներում։ Hetq.am–ը նախորդ հոդվածում գրել էր, որ Նարիբեկյանի եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանի պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն էլ 2018 թվականից սկսած 60 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ՝ ընդհանուր 70 միլիոն դրամ արժեքով։ Այս ընկերությունը ևս կահույք է մատակարարում։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ