Մեզ ներկայացված 2022 թվականի պետական բյուջեն այն մասին է, թե ինչպես են գործող իշխանությունները փող աշխատելու, ինչպես են մսխելու պետական գումարները, ինչպես են ապահովելու իրենց անվերջ գործուղումները, ինչպես են սերտաճեցնելու իշխանությունն ու բիզնեսը, ինչպես են կառուցելու պադավատապետություն, ինչպես չեն ապահովելու իրենց հեղափոխական խոստումներն ու ինչպես են հարցականի տակ դնելու մեր երկրի անվտանգությունը։
Այս մասին ԱԺ ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: «Ասածիս համար հիմք են ծառայում 2021 թվականի ընթացքում արձանագրված մի քանի երևույթ։ Այսպես, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանի պատգամավոր աներորդի Հրաչյա Հակոբյանը, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկնել էին հունական ամենաթանկարժեք համարվող կղզիներից մեկում՝ Միկոնոսում, զվարճանալու։ Եվ դա այն դեպքում, երբ մեկնումից մեկ օր առաջ Ալեն Սիմոնյանը գերիների ու անհետ կորածների հարազատների հետ հանդիպմանը հավաստիացնում էր, թե իբր իրենք գիշերները չեն կարողանում քնել, տանջվում են և իրենց տեղը չեն գտնում․ մտածում են միայն գերիների մասին։ Իսկ կուլիսներում ասում է, որ գերիներն իր համար այլևս չկան և նրանք դասալիքներ են։ Փաստորեն, նրա նախկին ասածները ձև էին։ Կեղծավորություն։ Բայց դե հերոս Աբաջյանի կեղծ պապիկի օգնությամբ մարդկանցից էմոցիա խլողներից այլ բան չէր էլ սպասվում»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը