25 11 2021

Պահանջում ենք զերծ մնալ որևէ բանավոր ու գրավոր համաձայնությունից․ Հայտարարություն



«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ։

Հայտարարության նախագիծն ընթերցեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.

Դատապարտում է

ա) Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը,

բ) Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը կամ այն գործադրելու իրական սպառնալիքները,

գ) Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նաև դադարումից հետո գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, կեղծ դատավարությունների պատրվակով նրանց չհանձնելը, պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները:

Արձանագրում է, որ

ա) Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են ուղեկցվելով Հայաստանի ու Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով, այդ տարածքներում բնակվող խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչություններով, բռնազավթված բնակավայրերում սրբավայերի ու պատմական հուշարձան հանդիսացող եկեղեցական կառույցների սրբապղծմամբ:

բ) Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, և որ սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի վրա հիմնված համաձայնության միջոցով Միավորված Ազգերի Կազմակերպության «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969թ. Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի, ի թիվս այլ դեպքերի՝  առոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն:

գ) Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչաւիոփ

դ) 44-օրյա պատերազմում անմիջական ներգրավվածություն ունեցող

պետություններից Թուրքիան շարունակում է բացահայտ աջակցել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին մնալով անպատիժ,

ե) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից ստորագրված առնվազն քաղաքական և ռազմական նշանակություն ունեցող միջազգային փաստաթղթերը դե ֆակտո իրավական հետևանքներ են առաջացնում, ինչի արդյունքում բացահայտ շրջանցվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 117-֊րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմնադրույթները:

Առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ:

Գտնում է, որ

ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ընդ որում, Ադրբեջանը իր Սահմանադրությամբ չի ընդունել, որ հանդիսանում է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը:

բ) Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ միջազգային-իրավական պարտավորություն հիմք ընդունելու որևէ քարտեզով արձանագրված սահմանները, առավել ևս, երբ այն չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին:

գ) Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որևէ անձ, այդ թվում գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ խախտելով Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված հիմնարար իրավական նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է:

դ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղար միջոցներով առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման:

Պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից.

ա) զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտված Անկախության հռչակագրով:

բ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ հարցը որևէ կերպ չտարանջատել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումից:
Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի ն Թուրքիայի կողմից իրականացված ն շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ