«Հայաստան» խմբակցությունը, օգտվելով օրենքով իրեն վերապահված բոլոր իրավունքներից, և՛ ԱԺ նիստերի ընթացքում, և՛ տարբեր հարթակներում բազմիցս բարձրաձայնել է Սյունիքի ապօրինաբար կալանավորված համայնքապետեր Մանվել Փարամազյանի, Մխիթար Զաքարյանի, Առուշ Առուշանյանի, Արթուր Սարգսյանի ոտնահարված իրավունքները վերականգնելու վերաբերյալ՝ պահանջելով ազատ արձակել նրանց և դադարեցնել նրանց նկատմամբ անընդունելի հետապնդումները, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այսօր կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ չնայած նրանց դեմ իրականացված և հետևողականորեն իրականացվող կեղծ հակաքարոզչությանը՝ Առուշ Առուշանյանը տպավորիչ հաղթանակ ունեցավ ՏԻՄ ընտրություններում՝ ևս մեկ անգամ ընտրվելով որպես Գորիսի քաղաքապետ, իսկ Արթուր Սարգսյանը օրերս ազատ արձակվեց:
Սակայն մեր մյուս գործընկերները՝ ԱԺ պատգամավորներ Արմեն Չարչյանը և Մխիթար Զաքարյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի նախկին քաղաքապետ Մանվել Փարամազյանը դեռևս կալանավորված են: Եվ մենք շարունակելու ենք պայքարել նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով՝ պահանջելով ազատ արձակել նրանց», - գրել է Սեյրան Օհանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը